Related imageԱդրբեջանը պաշտպանական տեխնիկա կներկրի Պակիստանից: Այդ մասին Իսլամաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հանդիպման արդյունքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։
«Ադրբեջանը կներկրի Պակիստանի զարգացած ռազմա–արդյունաբերական համակարգի արտադրանք»,- ասվում է հայտարարության մեջ:

Մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմա–արդյունաբերական ոլորտներին առնչվող հստակ հարցեր:
Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը՝ սեփական զինված ուժերի ամրապնդման համար: Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:

Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝ դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:

Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա` անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով․ շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ, Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Ինչ վերաբերվում է ՀՀ–ին, ապա այս պարագայում, կարելի է սերտացնել ռազմա-տեխնիկական, տնտեսական կապերն ու ներգրավվել հնդկական ներդրումներ` Հնդկաստան-Պակիստան աշխարհաքաղաքական մրցակցության ենթատեքստում` Իսլամաբադը Կովկասում սկսում է հենվել Ադրբեջանի վրա, տրամաբանորեն Նյու-Դելին կարող է հենվել ու խորացնել կապերը Հայաստանի հետ` ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցությունն էլ լրացուցիչ խթան։
Բացի Հնդկաստանից, որը լուրջ խնդիրներ ունի Պակիստանի հետ, ՀՀ–ը պետք է լրացուցիչ գումարներ հայթայթի` սփյուռքի ներուժ, տեղի օլիգարխիայի հետ «աշխատանք»` ռազմական բյուջեն ավելացնի և նոր զինատեսակներ գնի` Բաքվի հետ «սպառազինությունների մրցավազքի» մեջ չմտնելու, բյուջեի սղության պատճառաբանությունները պետք է թողնել անցյալում` Ադրբեջանը ագրեսիվ կերպով խախտում է հրադադարը` փորձարկում նոր զինատեսակներ առաջնագծում, ռազմա–տենխիկական նորանոր պայմանագրեր կնքում` դրան պետք է արձագանքել և միակողմանի ռազմական կախում չունենալ մեկ կենտրոնից` մեկ մատակարարողից։

Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը (SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.–ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են ` Իսրայելը, ՌԴ–ը և Թուրքիան։ SIPRI–ի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա–հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից 2016թ.–ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։

Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ–ից` հիմնականում հարձակողական, ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա–Բաքու ռազմա–տեխնիկական համագործակցության մասին։
Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա–արդյունաբերական համալիր` ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։
Ինչ վերաբերվում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։

Ադրբեջանը գնում է անօդաչուներ` հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ–ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան–Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Ինչ վերաբերվում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են ինչպես հարձակողական նպատակներով` Spike լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են` դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։
Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից` ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին` դզոտ, դոտ և այլն։
Բացի այդ, տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար` այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն (տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։

Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի` շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական` հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։

Փետրվարի 28-ին, ժամը 15: 40-ին, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

«Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին եւ թշնամին, չեզոք գոտում թողնելով 5 դիակ, հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից:
Տեղեկացնենք նաեւ, որ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) եւ 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծել ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել