Tert.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-փետրվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորահոսքն աճել է 25 տոկոսով: Աճի պատճառների, «Բաց երկնքի» քաղաքականության օգուտների և վնասների, դեպի Հայաստան նոր ուղղությունների և ավիաշուկայում այլ հետաքրքիր նորությունների մասին «Արմենպրես»-ի հետ զրուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, 2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով: Խոշոր հաշվով ի՞նչ տվեց այս քաղաքականությունը մեր երկրին և չե՞ք կարծում, որ «Բաց երկնքի» քաղաքականության պայմաններում ռիսկային է հայկական ավիափոխադրող ունենալը:

-Ռիսկային չէ. դժվար է ավելի, քանի որ ցանկացած դաշտում բաց և լիբերալ շուկայական պայմաններում տնտեսավարողները հայտնվում են դժվար մրցակցության մեջ: Տվյալ դեպքում, եթե մենք խոսում ենք ազգային ավիափոխադրող ունենալու մասին, տեղական ավիաընկերությունը մտնում է ուղիղ մրցակցության մեջ այնպիսի խոշոր ավիաընկերությունների հետ ինչպիսին է «Քաթար Էյրվեյզ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Աէրոֆլոտ»-ը: Մենք ներկայում ունենք գործող հայկական ավիաընկերություն, որն ինչ -որ չափով իր տեղը գտել է շուկայում: «Բաց երկնքի» քաղաքականությունը տվեց մեզ ուղևորահոսքի աճ, իսկ աճի հետ մեկտեղ նվազում են տոմսերի գները: Մենք մեր առջև դրել ենք նպատակ` ավելացնել ներգնա զբոսաշրջային հոսքերը, աշխարհագրությունը` դիվերսիֆիկացնելով շուկան:

-2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում աճ է արձանագրվել թե ուղևորահոսքի, և թե բեռնափոխադրումների ցուցանիշներում: Ինչի՞ հետ է կապված այդ աճը, և 2017 թվականի համար արդեն ունե՞ք կանխատեսումներ: Ի՞նչ տվեց որոշ երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացումը:

-Եթե չլինեն խոչընդոտներ, մենք պլանավորում ենք ունենալ ուղևորահոսքի աճ: 2017 թվականի հունվար, փետրվար ամիսների դրությամբ արդեն իսկ 25 տոկոսի աճ ենք արձանագրել: Հուսով ենք, որ ցուցանիշը կպահպանվի: Գարուն-ամառ նավիգացիոն շրջանի համար մենք պլանավորում ենք ունենալ ուղևորահոսքի աճ, աշխարհագրության ավելացում: Շարունակական քայլերից է նաև վիզային ռեժիմների դյուրացումը և մասնավորապես որպես կարևոր քայլ ես կառանձնացնեի Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված մուտքը Հայաստան: Նրանք արդեն կարող են ՀՀ վիզան ստանալ տեղում`խուսափելով նախկին քաշքշուկներից: Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրերով ՀՀ մուտքի իրավունքը ևս կարևոր քայլ է: Սա ներգնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված շատ լավ ազդակ է: Նովրուզ Բայրամ տոնի շրջանում մենք կունենանք բավական բարձր ուղևորահոսք: Արդեն իսկ մի շարք հայտեր ենք ստացել տարբեր ավիաընկերություններից, և ես կարծում եմ, որ մենք այդ երեք շաբաթվա կտրվածքով 50-ից ավելի թռիչք կիրականացնենք` օրվա կտրվածքով չվերթների հաճախականությունը հասցնելով 6-7-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել