Ե՞րբ ենք հասկանալու, որ քանի դեռ Ադրբեջանն ունի ~80 հազարանոց հրաշալի զինված բանակ, հեչ էլ անպայման չէ, որ երրորդ ուժեր մտնեն, որպեսզի Ալիևը ինչ-որ հերթական ավանտյուրա ձեռնարկի։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, Ամերիկան, Թուրքիան ու միջազգային սիոնիստական ընդհատակը պարտադիր նախապայման չեն, որպեսզի Ադրբեջանում որոշեն, որ հանուն մի քանի հեկտար կռճոնելու կարելի է հերթական մի քանի օրանոց սահմանափակ օպերացիա անել։

Ի դեպ՝ այնպես էլ չէ, որ մեծ գաղտնիք են դրանից սարքում։ Ալիևը բաց տեքստով հայտարարել էր, որ իրենք որդեգրում են «փոքր հաղթանակների» ռազմավարությունը։ Այնպես որ, պետք չէ դավադրության տեսություն մոգոնել։ Բոլոր պատճառները հենց Ադրբեջանի ներսում են։ Ու եթե Ալիևը իմանա, որ կարող է մի քանի հարյուր զոհ տալով ևս 500, 800, 1000  հեկտար խլել մի քանի օրում, ապա նա կարող է գնալ այդ քայլին՝ առանց դրսի դաբրոներին նայելու։

Ի դեպ՝ 500, 800, 1000  հեկտար պոկելը դարակազմիկ ինչ-որ խնդիր չէ ո՛չ իրենց, ո՛չ էլ մեզ համար։ Այս հարցում էլ պետք չէ լիրիկական զեղումների ու վայ-հայրենասիրական պաթոսի գիրկն ընկնել․ ո՛չ մեր կողմից են տերմինատորներ, ո՛չ էլ իրենց։ 20 հոգանոց դիրքը կարելի է գրավել 200 հոգով, 200 հոգանոց հատվածը՝ 2000-ով (իսկ դա մեծ ծավալ չէ կողմերից և ոչ մեկի համար)։ Ողջ հարցը զոհերի քանակն է, ու այս հարցում մենք զիջում ենք ադրբեջանցիներին․ նրանց հասարակության զգայական սանդղակը՝ սեփական զոհերը հանդուրժելու առումով, ավելի բարձր է, քան մեր մոտ։ Կարևորը էդ մի քանի հեկտար արդյունքը ցույց տալն է, իսկ հետո պետական քարոզչամեքենան դա կմատուցի որպես երևելի հաղթանակ, ինչպես դա եղավ ապրիլին հետևած 11 ամիսների ընթացքում։

Ու պետք չէ մտածել, որ դա զուտ Ադրբեջանին հատուկ ֆենոմեն է։ Ժամանակն ու քարոզչությունը կարող են նույն խնդիրը կուծել նաև մեզ համար։ Ի վերջո, 1918 թվականի Հայ-թուրքական պատերազմից Հայաստանում բոլորը հիշում են Սարդարապատը, բայց մոռացել են, թե այդ ոնց եղավ, որ թուրքերը հայտնվեցին Երևանի մատույցներում, ու առավել ևս՝ ինչով վերջացավ այդ պատերազմը։ Պարզապես պետք է սթափ նայել իրավիճակին ու իրերը կոչել իրենց անուններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել