Image may contain: 1 personԻնչ հիշեմ Ալիևը խոսում է ռազմական ճանապարհով ԼՂ խնդիրը լուծելու մասին: Երբեմն հռետորաբանությունը հասնում է նաև ՀՀ-ի տարածքների նկատմամբ հավակնություններին:
Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի կամ այլ ֆորմատներով պարբերաբար կոչ է անում խնդրի լուծման ժամանակ ուժի անթույլատրելիության մասին: Նման հայտարարություններով են հանդես գալիս նաև գերտերություն համարվող որոշ երկրների ԱԳՆ-ներ:

Զուգահեռաբար այդ ընթացքում մի շարք երկրներ Ադրբեջանին զենք են վաճառում, մյուսները միլիոնավոր դոլարների ուղղակի կամ անուղղակի օժանդակություն են ցուցաբերում իրենց՝ որոշ զեկույց-դասակարգումներում «հակաժողովրդավարական» համարվող Ալիևի վարչակազմին: Այդ ընթացքում հարևան երկիրն ամեն հնարավոր առիթով փորձում է ռազմական հարձակման փորձեր ձեռնարկել շփման գծի ամենատարբեր հատվածներում՝ արդեն հրապարակային բարձրաձայնելով, որ դա այս անգամ օպերացիան ուղղակիորեն ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ-ի ղեկավարը:

Ամեն հերթական հարձակում-դիվերսիայից հետո մենք սկսում ենք միջազգային հանրությանն իրազեկել, թե Ադրբեջանը ռազմական հարձակման է գնացել, ռազմական ավանտյուրաներ է ձեռնարկում, խնդիրը ցանկանում է ռազմական ճանապարհով լուծել: Եթե մեզ թվում է, որ աշխարհն այդ մասին տեղյակ չէ, ապա, պարզ է, որ մենք սխալվում ենք: Աշխարհը զզված նայում է, թե էս կռվի վերջը ինչ է լինելու... Տպավորություն է, թե միան մենք չենք ցանկանում հավատալ Ալիևի շատ բաց ու հստակ ռազմական սպառնալիքներին, մինչդեռ նա պարզ տեքստով բարձր գոռում է «զենքով եմ հարցերը լուծելու»:

Ի դեպ, երբ միջնորդ երկրները հայտարարում են, որ խնդրի լուծման բանալին պետք է կողմերը գտնեն միմյանց հետ շփվելով, ո՞վ ասեց, որ նրանք դիվանագիտական շփման մասին են խոսում: Պատերազմն էլ է շփման ձև, միգուցե դա՞ ի նկատի ունեն...: Միգուցե բոլորին էլ ձեռնտու է, որ խնդիրը որոշակի ռազմական փուլ անցնի ու նոր ստատուս քվո կամ վերջնական հանգուցալուծման տարբերակ պարտադրվի:

Ուղղակի կարծես պետք է հասկանալ, որ խնդիրը ավելի շուտ մոտ է կանգնած ռազմական «հանգուցալուծման»-ը, քան անհասկանալի բանակցային գործընթացի վերականգնմանը:

Մենք էլ վերջիվերջո պետք է գիտակցենք, որ այն, ինչ համոզելով չի ստացվում դիվանագիտական հարթակում, կարող է ստացվել ռազմականում՝ պարտադրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել