Ֆեյսբուք սոցիալական կայքում տեխնիկական խնդիրներ կան։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բազմաթիվ պրոֆիլներ անջատվել են։ Խնդիրն այն է, որ ֆեյսբուքը մարդկանց մեխանիկորեն դուրս է հանում իրենց էջերից և թույլ չի տալիս կրկին մուտք գործել։ Որոշ օգտատերեր տարօրինակ հաղորդագրություններ են ստանում, որը տեղեկացում է՝ իրենց բոլոր նամակագրությունները ջնջվել են, քանի որ սփամ են պարունակել։ Մյուսները հետ են ուղարկվում կայքի գլխավոր՝ մուտքի էջը, իսկ այնուհետև չեն կարողանում մուտք գործել իրենց էջը։

Թեմայի առնչությամբ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  նշեց, որ խնդիրը կայքի անսարքության հետևանքով է, ադրբեջանական հակերային հարձակման հետ կապ չունի։ «Մարդիկ մի անգամից մի քանի բան խառնում են, որից էլ շփոթմունք է առաջանում։ Ֆեյսբուքում տեխնիկական խնդիր կա։ Երեկ առավոտյան խնդիր է եղել  նաև Google-ում։ Այս խնդիրներն ամբողջ աշխարհով մեկ են։ Սրան զուգահեռ կա ադրբեջանական անընդհատ շարունակվող հարձակումները հիմնականում դպրոցականների պրոֆիլների վրա, որոնք նորմալ չեն կարողանում հասկանալ հարձակումները և հաջողում են ինչ-որ մարդկանց կոտրել․․․ Մեկը մյուսի հետ կապ չունեցող իրադարձություններ են»,- ասաց փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս օրերին հնարավոր է թույլ պաշտպանություն ունեցող կայքերը և օգտատերերի էջերը հարձակման ենթարկվեն։ «Սահմանում իրավիճակը լարված է, վաղը Խոջալուի զոհերի հիշատակի օրն է։ Ամեն ինչ կարող է լինել, բայց այս պահին լուրջ խնդիր չկա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մասնագետը հորդորեց, խնդիրներից խոսափելու համար համացանցում անվտանգության կանոններին հետևել, ոչ միայն սահմանին լարված օրերին, այլ մշտապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել