Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին:


Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել