Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

«Ավելացնենք նաև, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հետևանք են վերջին շրջանում հակառակորդ երկրի քարոզչամեքենայի կողմից առաջնագծում իբր թե արցախյան ուժերի դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ անընդհատ տարածվող ապատեղեկատվության, որով էլ թշնամին հող է նախապատրաստել իր հետագա սադրանքների համար:

Բացի դիվերսիոն գործողության փորձերից փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը, ականանետերից, հրանոթներից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 860 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում հակառակորդը 60, 82 ու 120 միլիմետրանոց ականանետերի և Դ-44 տիպի հրանոթների կիրառմամբ, ընդհանուր առմամբ, արձակել է 169 արկ:

ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով անցել են կազմակերպված պաշտպանության և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել