«Հիշում եք «Ոսկե հորթը» ֆիլմի դրվագը, երբ Շուրա Բալագանովը Օստապ Բենդերի մոտ դժգոհում էր Պանիկովսկուց. «Մենք՝ լեյտենանտ Շմիդտի 69 զավակներս, ողջ երկիրը բաժանել էինք տեղամասերի, վիճակահանությամբ; Նրան բաժին էր ընկել Մոլդովական ԱՍՍՀ-ն, արդարաբար։ Իսկ նա արդեն վաղուց սողում էր իմ տեղամասում»։ Հիմա ճիշտ այդպիսի վիճակ Է իշխող Հանրապետականի ներսում։ Ու այդ պայմանավորվածությունների խախտման հետևանքով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջև արդեն առաջին բախումներն են սկսվել։ Ինչպես հայտնի է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների՝ ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել։ Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում՝ հենց Մուրադյանի շտաբի կողքին։ Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը՝ Մասիս քաղաքում։ Բայց Գրիգորյանը խախտել Է պայմանավորվածությունը։ Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին։ Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու», «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել Է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, և ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին։ Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության։ Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի, թե կնահանջի՝ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։

Նշենք նաև, որ ՀՀԿ-ականների միջև լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում ևս, թեև գործը դեռ բռունցքներին չի հասել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել