Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենադաժան բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Ուգանդայի բռնապետ Իդի Ամինի մասին: Այս անգամ անդրադառնալու ենք Հարավ-արևելյան Ասիայի ամենադաժան բռնապետերից մեկի՝ Պոլ Պոտի գործունեությանը:

Պոլ Պոտը կամ Սալոտ Սարը համարվում է Կամբոջայի պատմության ամենասարսափելի բռնապետը: Նրա իշխանության տարիներին բռնաճնշումների և սովի զոհ է դարձել ավելի քան 4 միլիոն մարդ: Պոլ Պոտը ծնվել է 1925թ. Պրեքսբաուվայում կղմերական ընտանիքում: Հարկ է նշել, որ Կամբոջան այդ ժամանակ Ֆրանսիայի ազդեցության գոտում էր: Դեռևս վաղ հասակից նա տեղափոխվել է Պնոմպեն, որտեղ և սկսել է հետաքրքրվել բուդդիզմով: Մեծանալով գյուղական ընտանիքում՝ նա չի կարողացել հասկանալ և ընդունել այնպիսի զարգացած քաղաքների կյանքի մշակույթը, ինչպիսիք Պնոմպենն և Սայգոնն էին: Հատկանշական է, որ այդ քաղաքների բնակիչների զգալի մեծամասնությունը չինացիներ և վիետնամացիներ էին: Ավելի ուշ Սայգոն կատարած իր այցելության տպավորություններով կիսվելիս՝ Պոտը նշել էր, որ այնտեղ իրեն զգում էր սև կապիկ, որը նոր էր իջել սարերից: Կամբոջայի քաղաքական էլիտան ատելությամբ էր լցված իր հարևան երկրների ժողովուրդների հանդեպ: Այն խուսափում էր մշակութային էքսպանսիայից: Պոլ Պոտն այդ ամենի մարմնավորումն էր: 1937թ. վերջինս ընդունվեց կաթոլիկե ուսումնարան: Հետագայում 1949թ. Պոլը հնարավորություն ստացավ ուսումը շարունակել Ֆրանսիայում: Փարիզի համալսարանում նա ռադիոէլեկտրոնիկա էր ուսումնասիրում: Փարիզում ուսման տարիներին Պոլի ռասիստական հայացքները ձևափոխվեցին և ստացան ծայրահեղ կոմունիզմի երանգներ: Պոլ Պոտի՝ Փարիզում անցկացրած տարիները համընկան Արևմտյան Եվրոպայում սոցիալիստական շարժումների ակտիվացման ժամանակաշրջանի հետ, և այդ ամենն իր հետքը թողեց երիտասարդ Պոտի աշխարհահայացքի վրա: Ընդհանրապես «Կարմիր քմերների» իշխանության ժամանակաշրջանում տեղի ունեցած բռնաճնշումները գաղափարական հենք ունեին: Վերջիններս տեղի էին ունենում կոմունիստական գաղափարների, ինչպես նաև ռասիզմի և շովինիզմի ազդեցության ներքո:

1953թ. Պոլ Պոտը վերադարձավ Կամբոջա և միացավ ընդհատակում գործող «Կարմիր քմերներ» կոմունիստական խմբավորմանը: Նրանք պարտիզանական պայքար մղելով պետք է հեռացնեին գործող իշխանությանը: Հատկանշական է, որ այդ ժամանակ Կամբոջան լիովին անկախացել էր: Ժամանակակիցների խոսքով՝ Պոլը մարդ էր, ով հանուն իշխանության պահպանման պատրաստ էր ամեն ինչի:

Պոլ Պոտի իշխանության հասնելու ճամապարհը սկսվեց 1970 թվականին: Այդ ժամանակ Վիետնամի պատերազմի ընթացքում հետապնդելով վիետնամական կոմունիստական զորաջոկատներին՝ ԱՄՆ օդուժը ռմբակոծեց Կամբոջայի մի շարք շրջաններ, որի հետևանքով անմեղ զոհեր եղան: Այդ ամենն էլի ավելի ամրացրեց «Կարմիր քմերների» և Պոլ Պոտի դիրքերը: 1975թ. նրանք գրավեցին մայրաքաղաք Պնոմպենը: Իշխանության եկած նոր ուժերը երկրում ցանկանում էին այնպիսի սոցիալիստական հեղափոխություն իրականացնել, որի նախադեպն աշխարհում դեռ չէր եղել: Իշխանության գալուց հետո Պոտը հրամայեց Պնոմպենի և այլ խոշոր քաղաքների բնակիչներին ամբողջությամբ տեղափոխել մարզեր: Սկսվեց Կամբոջայի հասարակության մասնատման գործընթացը: Ընդամենը երեք օրվա ընթացքում Պնոմպենի երկու միլիոնանոց բնակչությունը տեղափոխվեց գյուղական համայնքներ: Բնակիչներին կտրում էին իրենց ընտանիքներից, ընկերներից և այլ կապերից: Պոլ Պոտը բուդդիզմը հայտարարեց օրենքից դուրս: Նա ընդհանրապես ցանկանում էր գյուղական համայնքներ տեղափոխված քաղաքացիների համար նոր պատմություն գրել: Պետք էր ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիները գյուղական համայնքներում նոր կյանք սկսեին՝ մոռանալով իրենց անցյալը: Որոշ ժամանակ անց նույնիսկ երկրի անունը փոխվեց: Այն սկսեց անվանվել Կամպուչիա: Այնուհետև նա քաղաքացիներին տեղաբաշխեց ամբողջ երկրի գյուղական համայնքներով մեկ: Նրանք պետք է բրինձ աճեցնեին և կառուցեին ամբարտակներ հեղափոխության համար:

«Կարմիր քմերների» գյուղացիները քաղաքից եկածներին որպես թշնամի էին դիտարկում: Շատերի համոզմամբ՝ իսկական կամբոջացիները գյուղացիներն էին: Երկրում ռասիզմի մթնոլորտը գերակշռում էր: Բռնաճնշումների էին ենթարկվում նրանք, ովքեր բաց գույնի մաշկ ունեին: Այն մարդիկ, ովքեր մուգ գույնի մաշկ ունեին համարվում էին բրձի դաշտերում չարչարվող սովորական գյուղացիներ, որոնք աշխատանքի ժամանակ արևահարվել էին: Դա էլ իր հերթին նշանակում էր, որ տվյալ անձիք հեղափոխության ջատագովներ էին: Քաղաքացիները ստիպված էին 12-16 ժամ աշխատել բրնձի դաշտերում, ինչպես նաև ամբարտակներ կառուցել: Շատ դեպքերում մարդկանց ստիպում էին աշխատել մինչև վերջիններս ուժասպառ կլինեին: «Կարմիր քմերները» յուրահատուկ կարգախոս ունեին. «Պահել առանց ծախսերի և ոչնչացնել անվերապահ»: Խոսքը, բնականաբար, վերաբերում էր մարդկանց: Ընդհանրապես մարդկային կյանքը վերջիններիս համար որևէ արժեք չուներ: Գերիները հասկանում էին, որ եթե իրենցից օգուտ չլինի, ապա մահն անխուսափելի է:

Ամբողջ երկրում թև էր ածում վախի և տեռորի մթնոլորտը: Ժամանակակիցներից մեկը նշում է, որ դաշտում աշխատելիս զինյալներից մեկն առանց պատճառի գնդակահարել է աշխատողներից մեկին: Այնուամենայնիվ, պատմաբաններից շատերը նշում են, որ Պոտի զոհերի գերակշիռ մեծամասնությունը ծեծի և սովի հետևանք էին: Այդ ժամանակ արդեն երկրում լրջագույն տնտեսական ճգնաժամ էր սկսվել: Բրձի պաշարները պակասում էին: Սովամահության էին դատապարտված ոչ միայն դաշտերում և ամբարտակներում աշխատող քաղաքացիները, այլև հենց իրենք գյուղացիները: Իրականում, սակայն ռեժիմը բրնձի բավականին մեծ պաշար ուներ: Մինչ Կամբոջայի ժողովուրդը սովամահ էր լինում, կոմունիստական իշխանությունը բրինձն արտահանում էր: Մարդկային կյանքը Պոտի համար որևէ արժեք չուներ: Պոտի մասին մինչև այժմ հակասական կարծիքներ են շրջանառվում: Կամբոջացիներից շատերը չեն հավատում, որ այդ ժամանակվա սարսափները Պոտի ձեռքի գործն են: Այնուամենայնիվ, փաստերով ապացուցված է, որ սովի և բռնաճնշումների հետևանքով Պոտի իշխանության 4 տարիների ընթացքում երկրում 2-4 միլիոն մարդ մահացավ: Պոլ Պոտի իշխանության տարիներին արևմուտքի ներկայացուցիչներից միայն մի քանիսը կարողացան շփվել նրա հետ: Դրանցից մեկն ամերիկացի լրագրող Էլիզաբեթ Բեյքենն էր, ով հարցազրույց էր վերցրել նրանից 1978թ: Լրագրողը նշում է, որ Պոտը բավականին գրավիչ տղամարդու տեսք ուներ: Հանդիպման ընթացքում այդտեղ էին գտնվում նաև լրագրող Դիք Դեդմենը և բրիտանացի ակադեմիկոս Մալքոմ Քոլդվելը: Մի քանի ժամ անց նույն հյուրանոցում սպանվեց Քոլդվելը:

Մարդկանց խոսքերով՝ Պոլ Պոտը չէր համարում, որ գնդակահարված մարդը կարող է անմեղ լինել: Առաջնորդվելով իր գաղափարական հենքի զգալի մասը ապահովող ռասիզմով՝ Պոտն իր հաջորդ թիրախը դարձրեց Կամբոջայի ազգային փոքրամասնություններին: Ազգային փոքրամասնություններից ամենամեծը չինացիներն էին, որոնց կեսը ոչնչացվեց Պոտի իշխանության տարիներին: Հարվածի տակ էին հայտնվել նաև մահմեդական փոքրամասնությունները: Սակայն ամենադաժան հարվածը ստացան վիետնամացիները: Էթնիկ վիետնամացիները դատապարտված էին մահվան: Կամբոջայում այդ ժամանակ տղամարդկանց հրամայված էր սպանել իրենց վիետնամուհի կանանց: Սպանվում էին վիետնամուհի կանայք և տղամարդիկ: Սպանվում էին վիետնամերեն խոսողները: Սպանում էին վիետնամացիներին նմանվողներին:

Պոտի իշխանության վերջին շրջանում ուժեղացել էր վերջինիս կասկածամտությունը: Նրա հրամանով սպանվում էին կուսակցական գործիչներն ու իրենց ընտանիքները: Եթե 1975թ. իշխանությունը վերցնելու ժամանակ կուսակցական ապարատում 22 գործիչ կար, ապա 3 տարի անց նրանցից 18-ն արդեն սպանվել էին: Մահապատիժների մեծ մասը տեղի էր ունենում Դունսլենգ կոչվող դպրոցի տարածքում: Դա իսկական մահվան համակենտրոնացման ճամբար էր: Չորս տարվա ընթացքում այդ դպրոցում շուրջ 20 հազար մարդ սպանվեց: Սպանվում էին ծերեր, կանայք, երեխաներ: Սպանություններից առաջ նրանք խոշտանգումների էին ենթարկվում: Ընդհանրապես, երկրում այդ ժամանակ բանտարկյալն արդեն իսկ համարվում էր մեղավոր: Չէին գործում դատարանները, որոնք պետք է որոշեին արդյոք ձերբակալվածը մեղավոր է, թե ոչ: Ձերբակալվածներին սպասում էր մահապատիժ: «Կարմիր քմերները» հետագայում փորձեցին քողարկել իրենց հանցագործությունների հետքերը, սակայն ապարդյուն, քանի որ յուրաքանչյուր խոշտանգման գործողություն գրանցվում էր փաստաթղթերում: Դունսլենգում այդ ժամանակ գործում էր խոշտանգումների հատուկ սենյակ, որը կոչվում էր Ս-21: Տարբեր տարիների ընթացքում այդ սենյակում հայտնվեց ավելի քան 1000 մարդ: Վերջում կենդանի մնաց ընդամենը 7 մարդ: Չնայած այդ ամենին՝ Պոլ Պոտի ռեժիմը դատապարտված էր: Նրա ատելությունը վիետնամացիների նկատմամբ ճակատագրական հետևանքներ ունեցավ: Պոտը գտնում էր, որ միայն վիետնամացիների ցեղասպանությունը կվերացնի այսպես կոչված «վիետնամական վտանգը»: Պոտի կարծիքով՝ կամբոջացիները և վիետնամացիներն անհամատեղելի էին: Նրա տեսության համաձայն՝ յուրաքանչյուր կամբոջացի պետք է 30 վիետնամացու սպաներ:

Ի պատասխան Վիետնամի սահմանի երկայնքով շարունակվող ոտնձգություններին՝ 1977թ. դեկտեմբերի 21-ին վիետնամական 150 հազարանոց զորքը ներխուժեց Կամբոջա: 1978թ. հունվարի 6-ին նրանք Պնոմպենի մատույցներում էին: Պոլ Պոտը փախավ Թաիլանդ: Հետագայում նա շարունակեց պարտիզանական պայքարը վիետնամական կառավարության դեմ: Պոլ Պոտը շարունակում էր մնալ «Կարմիր քմերների» առաջնորդը: Սակայն հետագայում հենց նրանց կողմից էլ ձերբակալվեց: Իր վերջին հարցազրույցներից մեկում Պոլ Պոտը լրագրող Նեյթ Թեյրի հետ զրույցում մի քանի ժամ շարունակ հանգիստ տոնով բացատրում էր, թե ինչու էր նա մահապատժի ենթարկում փոքրիկ կամբոջացիներին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պոտը զղջում է իր արարքների համար՝ Պոտը հրաժարվեց պատասխանել: 1998թ. ապրիլի 15-ին կոմունիստական բռնապետ Պոլ Պոտը կնքեց իր մահկանացուն, այդպես էլ պատասխան չտալով իր հանցագործությունների համար:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել