Image result for айаз муталибовԻնչպես և սպասվում էր Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ով իր պաշտոնից զրկվեց հենց Խոջալուի դեպքերի պատճառով և 20 տարուց ավել ՌԴ-ում դեգերելուց հետո նոր իրավունք ստացավ հետ վերադառնալ Բաքու, հիմա իր պարտքն է տալիս Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին: 79-ամյա նախկին կոմունիստը, որին Հեյդար Ալիևը մեղադրում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ, հիմա առանց ամոթի զբաղված է Հեյդարի որդու՝ Իլհամի և նրա քաղաքական գծի էժանագին գովազդով: Բավական ժամանակ է՝ Մութալիբովը գովերգում է ապշերոնյան բռնապետին, իսկ մի քանի օր առաջ էլ իր հիացմունքն էր հայտնել Մեհրիբան խանումին Ադրբեջանի փոխսուլթան, այսինքն՝ փոխսուլթանուհի, նշանակելու կապակցությամբ: Իսկ այժմ էլ Ալիևի աշխատակազմի հրամանով փորձում է մաքրվել ԴԱՎԱՃԱՆ լինելու պիտակից, որի պատճառով Հեյդար բաբան նրան վերջնական վտարել էր Ադրբեջանից: Իսկ Այազ Մութալիբովի հանցանքն այն էր, որ ազերիների առաջին նախագահը Խոջալուի դեպքերից հետո հանդգնել էր հարցազրույց տալ ռուսաստանյան «Նեզավիսիմայա Գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովային և բացահայտել, թե Խոջալուում տեղի ունեցած սպանդը ում ձեռքի գործն էր: Հարցազրույցը, որը հրապարակվեց «Նեզավիսիմայա գազետա»-ում 2.04.92 թ-ին, մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, ինչպես նաև հետագայում քարուքանդ արեց Հեյդար բաբայի «Խոջալուի ցեղասպանություն» շոու-օպերացիան, ըստ որի՝ հայերն են ցեղասպանության ենթարկել ազերիներին:
Դանա Մազալովային տված հարցազրույցում Այազ Մութալիբովը Խոջալուում տեղի ունեցած սպանդի համար բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը (կարդա՝ «Ազգային Ճակատ» կուսակցությունը) և նրա պարագլուխներին, ովքեր այդ ամենը կազմակերպել էին և տապալեցին Մութալիբովին: Այազ բեյը բավական մատչելի Մազալովային այդ ամենը բացատրել էր և նույնիսկ հայտարարել, որ հայերը ԵՐԲԵՔ այդպիսի բան չէին անի: «Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ»,- ասել էր Մութալիբովը:
Իսկ այսօր ալիևյան ԶԼՄ-ներն Այազ Մութալիբովի անունից հայտարարություն են տարածել, որտեղ վերջինս մեդաղրում է Մազալովային իր հարցազրույցը կեղծելու և մեծ «բացահայտում» է անում: «Ես ասել եմ, որ այդ ամենից ԱՃԿ-ն օգտվեց, որ ինձ տապալի: Բայց չեմ ասել, որ նրանք են սպանել Խոջալուի բնակիչներին: Այդ ընթացքում ես խոսել եմ Ղարաբաղի ոստիկանապետ Արմեն Իսագուլովի և անջատողականների պարագլուխ Արթուր Մկրտչյանի հետ»,- փորձել է չքմեղանալ նախկին կոմունիստ Այազ բեյը: Սակայն Մութալիբովը իր այժմյան հայտարարությունում, չգիտես ինչու, չի ներկայացնում այդ հեռախոսազրույցների մանրամասները, ինչպես դա արել էր Մազալովայի հետ հարցազրույցում: Իսկ չեխ լրագրողուհու հետ զրույցում Մութալիբովն ասել էր. «Իմիջիայլոց, այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի՝ դուք հազարավոր մարդկանց եք սպանել, հնարավորություն տվեք մեզ վերցնելու նրանց դիակները»: Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են՝ չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ»: Չգիտես ինչու, Մութալիբովն իր ներկայիս հայտարարության մեջ չի նշում, որ սպանված խոջալեցիների դիակները հայտնաբերվել են այդ ժամանակվա ամենահզոր ադրբեջանական հենակետի՝ Ակնայի (նախկին Աղդամ քաղաքը) մերձակայքում, որտեղ ոչ մի հայ չէր կարող լինել:
Ադրբեջանում նաև բացարձակ չեն սիրում հիշատակել Չինգիզ Մուսթաֆաևին՝ հայտնի ազերի լրագրողի, ով առաջինն էր հայտնաբերել այդ դիակները և ով մի քանի օր անց երկրորդ անգամ ժամանելով դեպքի վայր՝ այդ դիակները հայտնաբերել էր այլանդակված վիճակում: Մուսթաֆաևը բարձրաձայն իր կասկածներն էր հայտնել, որ դա հայերի ձեռքի գործը չէ և սկսել էր սեփական հետաքննություն անցկացնել: Սակայն նրան դա թույլ չտվեցին: Չինգիզ Մուսթաֆաևը ՍՊԱՆՎԵՑ:
Ի դեպ, Իլհամ Ալիևի պալատական լրագրող և մանկլավիկ Էյնուլա Ֆաթուլաևը, ով հիմա դարձել է ապշերոնյան սուլթանի սազանդարը իր հանրաճանաչ «Ղարաբաղյան օրագրում», որը գրել էր 2005 թ-ին, ևս մեղադրում էր սեփական երկրի այդ ժամանակվա իշխանություններին Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ, որի համար Իլհամ Ալիևի կողմից բանտարկվել էր 2,5 տարով: Իսկ հիմա սույն անողնաշարը փորձում է մոռացության տալ իր անցյալը և դաձել է շինծու Ադրբեջանի հնարածին ցեղասպանության գլխավոր գովազդողներից մեկը:
Հ.Գ. Մի քանի օր հետո լրանալու է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» 25 ամյակը: Բաքվում մեծ շոուի են նախապատրաստվում, և մենք պետք է բավական լավ հակադարձենք թուրքերի ստերին, քանի որ, ինչպես ասում էր Ադոլֆ Հիտլերի մոտ ընկերներից մեկը՝ Յոզեֆ Գեբելսը. «Որպեսզի ստին հավատան, այն պետք է սարսափազդու լինի»: Սակայն նույն Գեբելսը գիտեր նաև դրա դեմ «հակաթույնը»: Նա ասում էր. «Ցանկացած պրոպոգանդայի վատթարագույն թշնամին ինտելեկտուալությունն է»: Մենք պետք է օտարերկրյա հասարակությանը մատչելի և հասանելի «ինտելեկտուալ» մեթոդներով պայքարենք Բաքվի ստերի և զրպարտանքների դեմ:
Այդ ամենը անպատասխան թողնելը հանցագործություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել