Թուրքիայի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը, ըստ որի Ուկրաինայի քաղաքացիները կարող են մեկնել Թուրքիա սովորական անձնագրերով, կստորագրվի Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի Անկարա այցի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտգործանախարար Մևլյութ Չավուշօղլուն:
 «Թուրքիայի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնությունը կստորագրվի Ուկրաինայի վարչապետի Անկարա այցի ընթացքում: Դա շատ կարևոր փաստաթուղթ է, հաշվի առնելով այն փաստը, որ արտասահմանյան անձնագիր ունեն Ուկրաինայի բնակչության միայն 30%-ը: Նոր համաձայնությունը թույլ կտա Թուրքիայի հանգստավայրեր գրավել ավելի շատ թվով զբոսաշրջիկների Ուկրաինայի տարբեր շրջաններից»,- հայտարարել է Չավուշօղլուն Անթալիայի քաղաքապետ Մենդերս Թյուրելի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ 2017 թվականին Թուրքիայի տուրիստական ոլորտում կդիտվի ակտիվացում, իսկ զբոսաշրջիկների թիվը կաճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել