«Աշտարակ կաթ» ընկերությունը փուլ առ փուլ հաղթահարում է ճգնաժամը, որի մեջ հայտնվել էր դեռևս 2016-ին: Անցած տարվա նոյեմբերի վերջին ընկերությունը վերսկսեց արտադրության պրոցեսն ու զուգահեռաբար իր շուրջն առաջացած խնդիրների լուծման նպատակով գործի դրեց առողջացման ծրագիրը:

Ծրագրի ներդրող, ամերիկյան «Adra Remara» ընկերության սեփականատեր, գործարար Արա Ասատրյանի եւ ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ էլ BlogNews.am-ը զրուցել է ընկերության ներկայիս գործունեության ծավալների, հաղթահարված խնդիրների ու պլանների, ինչպես նաև այն մասին, թե ինչու է ընկերության ներկայիս արտադրանքը սպառողին մատուցվում ԼՂՀ ՖՆ դրոշմապիտակով.

Արա Ասատրյան՝ «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ներդրող, ամերիկյան «Adra Remara» ընկերության սեփականատեր, գործարար «Adra Remara» ներդրումային կազմակերպությունը երկար ժամանակ է՝ ներդրումներ է կատարում Հայաստանի ու Արցախի տարբեր ընկերություններում: Այս համագործակցությունների շղթան սկսվել է մի քանի տարի առաջ, երբ «Adra Remara»-ն որոշեց առաջին ներդրումային ծրագիրն իրականացնել Արցախում: Ստեղծվեց պահածոների արտադրությամբ զբաղվող «Դիզակ» բրենդը, որը գործում է Արցախում գրանցված «Պարգև» ՍՊԸ-ի ներքո: Փորձը հաջողությամբ պսակվեց, ու մեր ընկերությունը ձկնամթերքի ու փայտանյութի արտադրության բնագավառներում ևս մի քանի ներդրումային ծրագիր իրականացրեց Արցախում: Տեսնելով, որ ընկերության մշակած բիզնես սխեման արդյունավետ է աշխատում, որոշեցինք մեր փորձը կիրառել նաև ՀՀ-ում: Արցախում գրանցված «Պարգև» ՍՊԸ-ի ներքո ամերիկյան «Adra Remara» ընկերությունը խոշոր ներդրումներ կատարեց «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրում: Նոր հեծանիվ հորինելու կարիք չկար. եթե կա արդյունավետ աշխատող սխեմա, ապա ինչո՞ւ այն չկիրառել նաև այս պարագայում»:

Արա Ասատրյանը պարզաբանեց նաև այն փաստը, թե ինչու է «Աշտարակ կաթի» ներկայիս արտադրանքը կրում ԼՂՀ ՖՆ, այլ ոչ թե ՀՀ ՖՆ դրոշմապիտակը. «Իմ ղեկավարած ամերիկյան «Adra Remara» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում և Արցախում իրականացնում է «Պարգև» ՍՊԸ-ի միջոցով, որը հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, նրա իրավաբանական հասցեն Արցախում է, և դրոշմապիտակներն էլ ձեռք են բերվում հենց ԼՂՀ ՖՆ-ից: Իսկ թե ինչու է այդպես, բացատրեմ. «Աշտարակ կաթ»-ի սեփականատիրոջ փոփոխությունը իրավաբանորեն գրանցելը բարդ գործընթաց է, որովհետև նախկին «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, նրա միջոցների վրա արգելանք է դրված, նրա գույքի մեծ մասը գրավադրված է, ընկերության դեմ դատական հայց կա: Դա էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի նախկին «Աշտարակ կաթ»-ի սեփականատերը ներկայումս որպես ընկերության սեփականատեր չհանդիսանա»:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ և ինչպե՞ս փորձառու գործարարը որոշեց խոշոր ներդրումներ կատարել մի ընկերությունում, որը սնանկացման եզրին էր։ Արա Ասատրյանը պարզաբանում է.«Բացի նրանից, որ ռիսկերի հաշվարկման արդյունքում մենք հասկացանք, որ հնարավոր է պահպանել այս ապրանքանիշն ու շահութաբեր բիզնես ծավալել, մեկ գործոն ևս կարևոր դեր խաղաց. «Աշտարակ կաթը» Հայաստանի Հանրապետության այն քիչ բրենդներից է, որի համբավն ու համարժեք որակը տարիներ շարունակ եղել են բարձրության վրա, և ափսոս էր, որ նման կարգի ընկերությունը կործանվեր: Այստեղ խոսքը ոչ միայն սպառողին որակյալ արտադրանքից զրկելու, այլ նաև շուկայից հզոր ու մրցունակ ընկերության դուրս մնալու մասին է, որն էլ ամենավտանգավորն էր սպառողի շահերի տեսանկյունից: Չէ՞ որ ազատ մրցակցության պայմաններում ամենաշատը շահում է հենց սպառողը. որքան շատ արտադրող, այնքան ցածր գներ, այնքան պայքար որակի համար, ու բացի դրանից, եթե մրցակիցները մեկը կամ երկուսն են, նրանք կարող են գյուղացուն պարտադրել կաթի այն գինը, որն իրենց է միայն ձեռնտու: Եվ քանի որ սպառման շուկան էլ կլինի փոքր, գյուղացին ստիպված կհամաձայնի ցանկացած պայմանի։ Հենց դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընկերությունը ոտքի կանգնի, որովհետև «Աշտարակ կաթի» իրականացրած գործառույթը շատ ավելին է, քան զուտ կաթնամթերքի արտադրությունը»,- ընդգծում է Արա Ասատրյանը:

Ընկերության ներկայիս արտադրական գործընթացի, առողջացման ծրագրի արդյունքների ու նոր ապրանքատեսակների մասին թեմաների շուրջ մեր զրույցն արդեն շարունակվեց ընկերության արտադրամասում։

Արտակ Ավագյան՝ «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրի ղեկավար - «Անցած տարվա դեկտեմբերի սկզբից գործարկված առողջացման ծրագրի շրջանակներում մարվել է նախկին «Աշտարակ կաթի» կուտակած գյուղացիների պարտքերի 65 տոկոսը՝ 80 մլն դրամ, հին «Աշտարակ կաթի» ձեռքբերած կաթի պարտավորություններն են մարվել, ընկերության 20 մլն դրամ կոմունալ պարտքերն են մարվել և մի շարք այլ պրոցեսներ էլ դեռ ընթացքի մեջ են: Ծրագրի շնորհիվ ընկերությանը նաև հաջողվել է խուսափել կադրային կրճատումներից: Ներկա պահին ընկերությունը պատրաստվում է գարնանը՝ կաթի մթերման պիկ սեզոնին: Այդ իսկ պատճառով կանխավճարի տեսքով փորձում ենք շահագրգռել գյուղացուն, որպեսզի նա բարձրացնի կաթի արտադրության ցուցանիշը: Առջևում ամառն է՝ պաղպաղակի սեզոնը, իսկ դա նշանակում է, որ արդեն մարտի կեսերին «Աշտարակ կաթն» իր սպառողին կմատուցի թարմ պաղպաղակ: Առաջիկայում ընկերությունը նոր ապրանքատեսակներ ևս կարտադրի: Խոսքը վիտամիններով հարստացված կաթի ու նոր յոգուրտների մասին է: Յոգուրտների արտադրության պրոցեսը մշակման փուլում է և պատրաստ կլինի ամռան վերջին»,- նշում է Արտակ Ավագյանն ու հավելում,- «Այսօրվա դրությամբ «Աշտարակ կաթն» ունի մեկ գերխնդիր՝ որակի պահպանում: Կաթնամթերքը ամենօրյա սննդատեսակ է և եթե այն որակյալ է, ապա անպայման գտնում է իր սպառողին»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել