Պաշտպանության նախարարության մասնագետներն անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք, ուսումնասիրում են զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին նշումները ջնջելու դեպքերը: Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 «Մենք ունենք արդյունավետ աշխատող թեժ գիծ՝ 1-28, որը օրական մինչև 150 զանգ է ստանում: Այդ թեժ գծում հատուկ այդ թեմայով կան զբաղվող մասնագետներ, որոնք անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք, փորձում են ուսումնասիրել: Իհարկե, կան դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մարտական գործողություններին մասնակցել է, բայց ինքն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց իրենց մոտ սխալմամբ համապատասխան նշում չի կատարվել»,-ասաց նա:

Պնախարարի խոսքով, մոտ 200 նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, երբ անհրաժեշտություն է եղել ուղղում կատարել. «Բոլոր զինկոմիսարիատները ստացել են համապատասխան ուղեցույցները, մեր վարչությունները այդ դեպքերը նայում են անհատական հիմքով: Մենք չունենք մեկ լուծում բոլորի համար: Կարծում եմ, դրա մեջ կա ներգրավված էմոցիոնալ դաշտ, երբ մարդիկ ցանկանում են, որ բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան այդ օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայելիս են եղել, նշում կատարել մարտական գործողությունների մասնակցության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել