Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների և իրավական անվտանգության ապահովմանը, նշել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6‐ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների կիրառման ապահովման համար կատարվել է զգալի աշխատանք:

«Մասնավորապես՝ ընդունվել է 5 նոր օրենք, որոնցից 4‐ը սահմանադրական օրենք է: Սակայն, կարծում եմ, որ մեր կողմից կատարվող աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ ամփոփել կատարված աշխատանքը և ըստ այդ արդյունքների ձևակերպել մեր հետագա գործողությունները»,‐ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին մինչև 2017թ. հունիսի 10‐ը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի նախագիծը և դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը:

1‐ամսյա ժամկետում նախարարությունը պետք է կատարի ուսումնասիրություն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի` ՀՀ Սահմանադրության, սահմանադրական օրենքների և օրենքների պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: 3‐շաբաթյա ժամկետում կներկայացվի հաշվետվություն ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ:

Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է 2‐շաբաթյա ժամկետում գույքագրել ՀՀ Ազգային ժողովում գտնվող մշակված նախագծերը և այդ նախագծերի հետագա քննարկման կամ հետ կանչելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիք ներկայացնել ՀՀ կառավարությանը:

«Բազմաթիվ օրենքների նախագծեր կան, որոնք ԱԺ‐ում են, բավականին երկար ժամանակ ոչ քննարկվում են, ոչ ընդունվում, ոչ ադապտացվում են, ոչ էլ տալիս են կարծիք, կարևոր է, կարևոր չէ, ակտուալ է, թե չէ»,‐ընդգծել է կառավարության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել