Եվրոպացի պատգամավորների միջազգային հետախուզմամբ` Ադրբեջանը հատում է կարմիր գիծը. Արցախի ՄԻՊArmenpress.am-ը գրում է.

Արցախ այցելելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով Ադրբեջանը հատում է կարմիր գիծը: Այս մասին "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

"Ադրբեջանը շարունակում է Լապշինի ուղղությունը: Տեսնում է, որ Լապշինի գործն այդպես էլ չի դառնում նախադեպ: Եթե Լապշինի դեպքից հետո 5 հոգի ձեռնպահ է մնում Արցախ այցելելուց, ապա դրա փոխարեն 10 հոգու մոտ առաջանում է նոր մոտիվացիա Արցախ այցելելու համար: Եվրոպացի պատգամավորների նկատմամբ հետախուզում հայտարարելով` Ադրբեջանը փորձում վերակենդանացնել Լապշինի նախադեպը: Արցախ այցելելու, Արցախի անկախությունը ճանաչելու մասին կարծիք հայտնելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելը նշանակում է հատել կարմիր գիծը",-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այն խնդիրները, որոնց մասին Արցախը, Հայաստանը տարիներ շարունակ բարձրաձայնում են, իրականում Ադրբեջանի գործողություններով հաստատվում է: Նրա խոսքով, իրականում այն մարդիկ ովքեր ապրում են Արցախում, այն մարդիկ, ովքեր ցանկանում են միջազգային հանրությանը տեղեկացնել Արցախի մասին պետք է ազատ ելք ու մուտքի հնարավորություն ունենան, իրենց իրավունքները պաշտպանված լինեն:

"Եվրոպացի պատգամավորները` Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոխարիուսը, Յարոմիր Շտետինան, առաջին անգամ չէ, որ Արցախ են այցելում, առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում են արցախցու իրավունքների մասին: Նրանք մարմնավորում են արմատները չկորցրած եվրոպացու, ովքեր շարունակում են իրենց գործունեությունը: Մենք շնորհակալ ենք, որ գիտակցելով, թե Ադրբեջանը կարող է դիմել նման ոչ իրավական քայլերի, այդուհանդերձ շարունակում են իրենց գործունեությունն` ուղղված եվրոպական արժեքների պաշտպանությանն ագրեսիվ ոտնձգություններից",-հավելեց Արցախի ՄԻՊ-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, թե այդ երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի` Լյուքսեմբուրգ, Էլենի Թեոխարիուսի` Կիպրոս, Յարոմիր Շտետինայի` Չեխիա, նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել