Image result for գագիկ համբարյանԱդրբեջանի բռնապետը, ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից, Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ: Բաքվին սարսափելի կատաղեցրել է, որ վերջիններս բավական ակտիվ դիտորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ:
Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է «կենացները թանկացնել» և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել, ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ ցույց տալով, որ Լապշինի գործը եզակի չի լինելու:
Այսինքն՝ Բաքվին անհրաժեշտ են նոր «լուկաշենկոներ» լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար: Սակայն այս անգամ, իմ կարծիքով, Բաքվին սպասում է անհաջողություն: Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
Չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի, աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ: Ինչից կամ ումից է վախելում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան խանումի ամուսինը:
Ի դեպ՝ ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը, որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը, քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու, որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքացիներ չեն, իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում: Տեսնես ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանո՞ւմ սրճել «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով, քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել