Image result for меджлис иранаԻրանի մեջլիսի (պառլամենտ) նախագահ Ալի Լարիջանին օրերս հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Իրանը ձգտում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ ստեղծել ռազմավարական դաշինք։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչեցված հայտարարությունը կարելի է դիտարկել միջազգային ու մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Նախ՝ հայտարարությունն ինքնին ուշագրավ է այն առումով, որ հնչում է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև նկատելի որոշակի հակասությունների ներքո։ Ասել է թե՝ այս հայտարարությամբ Իրանը փորձում է սիրիական ուղղությամբ Ռուսաստանի հետ համատեղ ռազմական գործողությունների կոորդինացման հարցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից դուրս թողնել Թուրքիային՝ նվազեցնելով մերձավորարևելյան զարգացումներում Անկարայի դերակատարումը։ Երկրորդ՝ հայտարարությունը պայմանավորված էր վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Նեթանյահու հանդիպմամբ ու դրա հնարավոր ազդեցությամբ Իրանի միջազգային հեղինակության պահպանման վրա։ Ալի Լարիջանիի՝ Մոսկվայի հետ ռազմավարական առանցք ձևավորելու մասին հայտարարությունը ուղղված էր Մերձավոր Արևելքում Իսրայել-Իրան դիմակայությունում ազդեցությունների հավասարակշռմանը։ Երրորդ՝ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունում դրսևորվող դիրքորոշման դեռևս անորոշությունը ստիպում է Թեհրանին երկրում մայիսին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանից ստանալ անվտանգության որոշակի երաշխիքներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել