Image may contain: 1 person, suit and closeupԱլիևյան ստրուկներից մեկը՝ haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Է. Ֆաթուլաևը «դոկտորական» ատենախոսություն էր նվիրել ռուս-ադրբեջանական հարաբերությունների թշնամիներին՝ հայերիս, ավելի ճիշտ՝ ռուսաստանաբնակ հայությունը։
Մտադրություն չունեմ անդրադառնալու սույն հոդվածագրի անհեթեթ մտքերի փորլուծությանը։ Զավեշտալին այն է, որ, ըստ հոդվածագրի, ռուս-ազերիական հարաբերությունների գլխավոր թշնամիներից մեկը «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։ Ֆաթուլաևը վերջինիս համարում հակաազերիական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների, օրինակ՝ Կոնստանտին Զատուլինի հովանավորը։ Ծիծաղելին այն է, որ որևէ ապացույց Ֆաթուլաևը չի ներկայացնում։ Թուրքի ոճն է ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն մատուցելը։ Հոդվածում ալիևյան անձնական գրչակը նաև բողոքում է ևս մի քանի հայերից և ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչներից, որոնք, ըստ նրա, հայկական լոբբի ակտիվ մասնակիցներն են։ Դրանք են՝ Վոլոդինը, Կուրղինյանը, Շահնազարովը, Բաղդասարովը, Բաբայանը, Սատանովսկին, Life News-ի սեփականատեր Գաբրիելյանովը, RT-ի Մարգարիտա Սիմոնյանը և այլն։ Ֆաթուլաևը, ով ժամանակին մեղադրում և հայր և որդի Ալիևներին բազմաթիվ սպանությունների և Խոջալուի ցեղասպանության կազմակերպման մեջ, նեղսրտում է, որ իր ներկայիս հովանավոր Իլհամ Ալիևի ջանքերը՝ Մոսկվայում ուժեղացնելու ազերիների դիրքերը, հօդս են ցնդում հայկական լոբբիստների պատճառով։
Ալիևի գրչակի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ծառայում են ՌԴ շահերին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ որևէ ապացույց չի ներկայացվում։ Չի ներկայացվում, քանի որ դրանք ՉԿԱՆ։ Ադրբեջանը, երբ 1991թ․-ին անկախություն ձեռք բերեց, դարձավ Անկարայի ֆորպոստը Հարավային Կովկասում՝ վարելով հակառուսական քաղաքականություն։ Էյնուլան մոռանում է, թե ինչպես էր Բաքուն առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ հովանավորում չեչեն և այլ ահաբեկիչներին։ Իսկ Հեյդար Ալիևի աշխատակազմի կարկառուն ներկայացուցիչներն էլ Չեչնիայում ծավալվող իրադարձությունները բնութագրում էին որպես չեչեն ժողովրդի ազգային ազատագրական շարժում։
Մոսկվայում նաև չեն մոռանում, թե Մովսար Բարաևը, ով 2002 թ-ի հոկտեմբերի 23-ին մի խումբ ահաբեկիչների հետ գրավել էր Դուբրովկայի թատերական կենտրոնը, առաջինը ուր էր զանգել։ Այո՛, զանգել էր Բաքու՝ իր հովանավորներից ցուցումներ ստանալու։
Գաբալայի ՌԼԿ-ից ռուսներին «կուլտուրական» ձևով վռնդելը ևս ռուս-ադրբեջանական բարեկամության դրվագներից մեկն է։ Սա ընդամենը մի քանի «պատմություն» էր Բաքվի և Մոսկվայի «եղբայրական» հարաբերություններից։
Հետաքրքիր է, իսկ այս հակառուսական գործողությունների մեջ վերը նշված հայերը ի՞նչ ներգրավվածություն ունեին։ Հայերն են մեղավոր, որ Ադրբեջանն օգնել է ահաբեկիչներին Մոսկվայի դեմ պայքարում։
Բաքվի համար ամենասարսափելի տեսարանը Մոսկվայում Կրեմլի և Պետական Դումայի հարևանությամբ գտնվող Ararat Park Hyatt հյուրանոցն է։ Հոդվածագրի համար դա կատաղության պատճառ է դարձել։ Առանց վարանելու Էյնուլան այն բնութագրել է որպես «արատավոր քարոզչություն Կրեմլի կողքին»։
Շատ գովելի է, որ ռուսաստանաբնակ հայկական համայնքը ոչ միայն պաշտպանում է ՌԴ-ի շահերը, այլև գովազդում է պատմական հայրենիքը, որը դառնում է մեր արևելյան և արևմտյան եկվոր և քոչվոր հարևանների զայրույթի պատճառ։ Բաքվի նեղսրտելը ՄԵՐ հաղթանակն է։
Հ.Գ. Ազերիական մամուլն ընթերցելիս կարելի է ենթադրել, որ նույն ՌԴ-ում բնակվում են ազգությամբ ազերի բազմաթիվ միլիարդատերեր և մեդիա-դեմքեր։ Հարց՝ «Ինչու՞ նրանք ազերիամետ գործունեությամբ չեն զբաղվում»։ Պատասխանը հայտնի է շատերին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից որպես թուրքեր ներկայացվողների 99,9% թուրք չեն և մտադրություն էլ չունեն զբաղվելու թրքամետ ինչ-որ կասկածելի ձեռնարկներով։ Իսկ Բաքվի կողմից գնվածների մեծ մասը ծառայություններ մատուցելուց հետո մոռանում են, որ ժամանակին գովազդում էին Անկարայի և Բաքվի շահերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել