168.am-ը գրում է.
 RIA Novosti-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, անդրադարձել է ադրբեջանցի փախստականներին վերաբերող հարցին։

 «Երբ դուք հարց եք բարձրացնում ադրբեջանցի փախստականների մասին, որոնք առաջացան, ի դեպ, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, դուք պետք է հարց տաք, թե արդյո՞ք հնարավոր է պատկերացնել մի քանի հարյուր հազար հայ փախստականների վերադարձն Ադրբեջան՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և շատ այլ բնակավայրեր, որտեղ կազմակերպվել են սարսափելի ջարդեր, կոտորածներ, հայերի էթնիկ զտումներ՝ որպես լայնամասշտաբ պատերազմի նախերգանք։

Նման հարցեր բարձրացնելը մինչ կարգավորումը, որոնք երկար տարիներ տորպեդահարվում են հենց Ադրբեջանի կողմից, ժամանակավրեպ է։
Նման դիրքորոշում ունեն նաև համանախագահ երկրները։ Ի դեպ, այս մասին խոսվում է բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք դրված են եղել բանակցությունների սեղանին։

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա նման հնարավոր փոխզիջում առաջարկվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների կողմից նրանց 5 հայտնի հայտարարություններում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որոնցից Բաքվում, մեղմ ասած, խուսափում են։

Դուք հարցում եք, թե ինչ փոխզիջում ենք մենք առաջարկում։ Փոխզիջումը, որը առաջարկվում է համանախագահ երկրների միջազգային հանրության անունից, արմատապես մերժվում է Բաքվում։

Եթե դուք ծանոթ եք Բաքվից հնչող հռետորաբանությանը, ապա այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների՝ ամեն ինչ կամ պատերազմ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել