Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Իսկ ինչո՞ւ հենց այսօր՝ երկուշաբթի օրով... երբ սովորաբար, աշխարհում ընդունված կարգի համաձայն, բոլոր ընտրություններն ու հանրաքվեները անցկացվում են հանգստյան օրերին: Բանն այն է, որ փետրվարի 20-ը Արցախի ու ողջ հայ ժողովրդի համար ունի խորհրդանշական ու ճակատագրական կարևոր նշանակություն: 

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում՝ դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝  ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Ահա հենց այս իրադարձությամբ պայմանավորված էլ 88-ի փետրվարի 20-ից սկսած` օրն այս արժևորվեց մեր նորագույն պատմության մեջ որպես Արցախյան շարժման ծնունդը վավերացնող ամսաթիվ:  

Արցախում չկա մեկը, ով վերապրել է 88-ի համազգային զարթոնքն ու չի հիշում այն երգը, որն այդ տարիներին կարծես թե հոգու ճիչ էր դարձել ու հնչում էր ամեն արցախցու շուրթերից: Խոսքը երգահան Իրինա Փիրումյանի «Վերադարձիր» երգի մասին է, որի տեսահոլովակը բոլորովին վերջերս պատրաստվեց: 

Երգը գրվել է Արցախյան շարժման առաջին իսկ օրերին: Նշենք, որ Իրինա Փիրումյանը Շուշիի ազատագրման ռազմաօպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Օլեգ Փիրումյանի կինն է: Իսկ երգը առաջին անգամ արցախցիներին հայտնի դարձավ հենց Իրինայի ու Օլեգի դուստրերի կատարմամբ: 

Նյութը՝ Նարինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել