Վերջերս մի շատ տպավորիչ պատմության մասին տեղեկացա, որը տեղի էր ունեցել իմ հայրենի Օձունում. ազնվորեն պետք է նշեմ, որ չնայած գյուղիս մասին բավականաչափ մանրամասներ իմանալու հետ մեկտեղ, դա ինձ համար իսկական բացահայտում էր: Խոսքը հեռավոր 1978-ին տեղի ունեցած մի միջոցառման մասին է:
Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիումը տեղի է ունեցել 1978թ. սեպտեմբերի 12-ից 18-ը` Երևանում: Գիտաժողովի աշխատանքը լուսաբանող լրագրողների միաբերան վկայությամբ կազմկոմիտեն, որի նախագահն էր ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը, մեծ ջանք էր գործադրել ապահովելու ոչ միայն աշխարհի շուրջ 20 երկրից ժամանած մոտ 200 գիտնականի աշխատանքը, այլև կազմակերպելու նրանց ուղևորությունը Հայաստանում և ծանոթությունը հայ արվեստի, մասնավորապես ճարտարապետության կոթողներին:

Նախօրոք` դեռ մինչև սիմպոզիումի գումարումը, նորոգվել ու բարեկարգվել էին Էջմիածին-Սարդարապատ, Գառնի-Գեղարդ, Սևանա լիճ-Դիլիջան, Ալավերդի- Հաղպատ-Սանահին-Օձուն ավտոճանապարհները, հյուրերին հատկացվել հարմարավետ ավտոբուսներ: Մեծ աշխատանք էր կատարվել անմիջականորեն հուշարձանների շրջակայքում: Ոչ միայն բարեկարգվել էր դրանց հարակից տարածքը, այլև անհրաժեշտության դեպքում նորոգվել շինությունների պատերի ու հատակի առանձին հատվածներ:

Կառանձնացնեմ Օձունում տեղի ունեցած միջոցառումից մի փոքր մանրամասներ: Իմ ավագ ընկերներից Կարլ Յալանուզյանը, ով հեռուստատեսության համար լուսաբանել է այդ միջոցառումը, որոշ մանրամասներ պատմեց միջոցառումից, ինչը բավականին տպավորիչ էր: Միջոցառման բուն արարողությունը տեղի է ունեցել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Միջոցառումը կազմակերպված է եղել բարձր մակարդակով և առանձնացել է իր հատուկ սիմպոզիումի համար պատրաստված կավե սպասքով: Հաշվի էր առնվել ամեն մի մանրուք: Սնունդը կազմակերպվել էր առանց ավելորդ շքեղության, բայց և ճաշակով` իբրև ժողովրդի մշակույթի մի բաղկացուցիչ մաս: Կիսաբացօթյա տաղավարներից մեկում ճաշի սպասքը պատրաստված էր հայկական խեցեգործության ավանդույթով: Ներկաների վրա ապշեցուցիչ տպավորություն գործեց այն, որ ճաշից հետո սեղանակիցներից ամեն մեկը նվեր ստացավ իր իսկ օգտագործած ամանեղենը, որը զարդանախշված էր գիտաժողովի խորհրդանշաններով: Ներկաները բավականին տպավորված են եղել, և պատահաման չէր, որ մոտ 40 տարի անց մեր հարգարժան Կարլ Արսենիչը նման ոգևորությամբ էր պատմում այդ պատմությունը:

Ինչ վերաբերում է սիմպոզիումի զուտ գիտական մակարդակին, ապա առանց չափազանցության կարելի է ասել, որ կազմկոմիտեին հաջողվել էր Երևանում հավաքել հայ արվեստի ժամանակի գրեթե բոլոր գիտակներին, ովքեր հանդես եկան տասնյակ զեկուցումներով, հաղորդումներով ու մեկնաբանություններով:

Իսկ այժմ, Օձունի չքնաղ եկեղեցու վիճակն անմխիթար է: 1980-ականներին քանդված արտաքին եռակողմ սրահների հյուսիսային կամարակապի սրբատաշ քարերն ու արևմտյան սրահի պայտաձև քիվերը բակում ցաքուցրիվ թափված են: Տեղահանված են բակի գերեզմանների 20-30 տոկոսը: 1990-ականների տեղադրված մետաղական շրջանակով և օրգանական ապակիով լուսամուտները մեղմ ասած անճաշակ են: Բակը լուրջ բարեկարգման խնդիր ունի 1925-ին կառուցված քաղաքացիական եղբայրասպան կռիվներին նվիրված խայտառակ հուշարձանը քանդման, նվազագույնը՝ տեղափոխման խնդիր ունի: Եկեղեցին բազմաթիվ տեղացի և օտարազգի այցելուներ ունի, որոնք անձրև օրերին ցեխոտ արահետով հազիվ են հասնում եկեղեցի: Միջավայրին հարիր քարե արահետների և մոտեցումների պահանջ է զգացվում:

Ազգովի տեր կանգնենք պատմամշակութային մեծարժեք մեր սրբավայրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել