«…թող որ մյուս մեռելները թաղեն իրենց մեռելներին» 
Մատթէոս 8:22

Շուտով Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են, իսկ մեզանում յուրաքանչյուր ընտրություն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հավատամքն է հիշեցնում: Ասված է` «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ժամանակ կ’գայ` եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, որ ամենքը` որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն եւ դուրս կ’գան…» (Յովհաննէս 5:25,28,29): 
Եվ ահա ճանաչելի քաղաքական դիակներն այս օրերին հարություն են առնելու, աշխուժանալու են, անդրշիրիմյան շնչով դարձյալ ու անվերջ խոսելու են իրենց անցյալ կամ ապագա հաջողություններից, իրենց «բարի և խելոք» խորհուրդներն են տալու, իրենց խոստումներն են շռայլելու հանրությանը: Սրանց առկայությունն ու գործունեությունն արդեն իսկ վիրավորական են թե՛ ողջ մարդկանց և թե՛ մահացած գնացածների համար… Որպես դիակ այս «գործիչները» անպարկեշտության աստիճանի աշխույժ են, շարժուն, թրվռուն ու շատախոս, իսկ ողջ մարդու տեսակետից էլ` ահա քսան տարի շարունակ բոլորին զզվեցրել են իրենց մահաշունչ ելույթներով ու մեռելածին գաղափարների անվերջանալի կրկնություններով:

Անընդհատ վերամարմնավորումների այս ընթացքը, հավանաբար իր մեծ խորհուրդն ունի: Կարծում եմ՝ մշտապես նույնը կրկնող հենց այս «գործիչների» միջոցով է, որ արդեն «այն աշխարհներից» ևս մեզ նշաններ են ուղարկվում որդեգրված գաղափարների ինքնասպառվածության մասին, գաղափարներ, որոնցով առաջնորդվելով, ինքներս մեզ խցկել ենք Հայության համար խորթ մի «մատրիցայի» մեջ, որտեղից մարդկությունն այսօր դուրս պրծնելու ուղիներ է որոնում: «Այնտեղից» արդեն մեզ հասկացնում են բոլորովին նոր, ճշմարիտ առաջընթացի ուղենիշների, ազգի համախմբմանն ուղղված մեծ ձգողականությամբ օժտված գաղափարների որոնման, ազգային ինքնօրինակության վերականգման անհրաժեշտությունների և նման բաների մասին: Սակայն ավաղ` «աչք ունեցողը կտեսնի և ականջ ունեցողը կլսի»: 

Մեռելներից ի՞նչ վերցնես… Աստված օղորմի ասելուց և «…թող որ մյուս մեռելները թաղեն իրենց մեռելներին» ավետարանական սուրբ ճշմարտությունը կրկնելուց զատ` ուրիշ ոչինչ անել չես կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել