Image result for hasem soleimaniՉնայած ՄԱԿ-ի միաժամանակ մի քանի բանաձևերով հայտարարված պատժամիջոցներին՝ մի շարք աղբյուրների համաձայն՝ իրանական քաղաքական կյանքի գորշ կարդինալներից մեկը հանդիսացող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին փետրվարի 14-ին հերթական անգամ այցելել է Մոսկվա և հանդիպումներ անցկացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ Սոլեյմանին Ռուսաստանում է մնալու մի քանի օր. հանդիպումների հիմնական թեմատիկան մերձավորարևելյան հակամարտություններն են, մասնավորապես՝ սիրիական, իրաքյան հիմնախնդիրները, տարածաշրջանի սուննիական երկրների շրջանում ուրվագծվող ռազմաքաղաքական համագործակցության նոր հնարավոր ձևաչափերը, Ռուսաստանի հետ հարաբերությունները և այլն: Չի բացառվում նաև, որ իրանական կողմի համար հանդիպումների հեռանկարային նպատակներից է ԱՄՆ-ի նոր վարչակարգի հակաիրանական քաղաքականությանը հակազդելու եղանակների մշակումը կամ նոր իրավիճակային պայմաններում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման շոշափումը:

Պետք է նշել, որ Ղասեմ Սոլեյմանիի անվան հետ են կապվում հատկապես Իրանի անուղղակի ներգրավվածությամբ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներում՝ սիրիական, իրաքյան, եմենական հակամարտություններում, ԻԻՀ հովանավորյալ դերակատարների արձանգրած լրջագույն հաջողությունները:
Մի ուշագրավ հանգամանք ևս․ չնայած գեներալ Սոլեյմանիի ազատ տեղաշարժն արգելող միջազգային բանաձևերի առկայությանը՝ նա 2015թ. գարնանից ցայժմ միայն 3 անգամ այցելել է Ռուսաստան, իսկ տարածաշրջանային մի շարք երկրներ իրականացվող պարբերական այցերը նրա աշխատանքային գործունեության անհրաժեշտ մասն են կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել