Image may contain: 1 personԻրանամետ լիբանանյան Հզբոլահ շարժման առաջնորդ Հասան Նասրալան սպառնացել է հարված հասցնել Դիմանում գտնվող իսրայելական միջուկային ռեակտորին։
Նրա խոսքով, Իսրայելում սկսել են ակտիվորեն խոսել լիբանանյան երրորդ պատերազմի մասին, սակայն Հզբոլահը պատրաստ է «անակնկալ» մատուցել Իսրայելին ու հարվածել միջուկային ռեակտորին։

Հատկանշական է, որ Հզբոլահի առաջնորդը սկսել է սպառնալ Իսրայելին Նեթանյահու-Թրամփ հանդիպումից հետո, որտեղ ԱՄՆ–ի նախագահը սպառնացել է Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ ձեռնարկել ու իսրայելամետ հայտարարություններ արել։

The Wall Street Journal–ի տվյալներով, ԱՄՆ-ը ծրագրում է ռազմական դաշինք ստեղծել Իրանի դեմ։ Դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։ Համաձայնագրում կպարունակվի դրույթ այն մասին, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։ Ինչպես հաստատում է WSJ-ն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն լինի միության մասնակիցներ, սակայն Վաշինգտոնը պատրաստ է դաշինքին տրամադրել զենք և հետախուզական տեղեկատվություն։ Թել-Ավիվը նույնպես կսահմանափակվի հետախուզական տվյալներով։

Իսրայելի համար շատ ձեռնտու է Թրամփի կտրուկ վերաբերմունքը Իրանի նկատմամբ ու հակաիրանական կոալիցիայի ձևավորումը բխում է Թել-Ավիվի շահերից։
Այս պայմաններում Իրանը գործի է դնում իր «ծանր հրետանին» Մերձավոր Արևելքում` Լիբանանի հարավում, Իսրայելի հետ սահմանին հզոր ռազմական ենթակառուցվածքներ ունեցող Հզբոլահ շարժումը, որն Իսրայելին «մեսիջ» է ուղարկում, որ հակաիրանական գործողությունների դեպքում, ամբողջ Իսրայելի հյուսիսը, ինչպես նաև միջուկային ռեակտորը կարող են հայտնվել Հզբոլահի հրթիռների տակ։

Բացի Հզբոլահից, Իրանն Իսրայելի դեմ կարող է`սեփական հեռահար հրթիռների կիրառումից զատ օգտագործել ՀԱՄԱՍ շարժումն, որը վերահսկում է Գազայի հատվածն ու այդտեղից նույնպես սպառնալ Թել–Ավիվին ու իսրայելական նավահանգիստներին։ ՀԱՄԱՍ-ը բազմաթիվ անգամ հրթիռակոծել է իսրայելական բնակավայրերը, ինչին հաջորդել է Իսրայելի «պատժիչ գործողությունը» Գազայի տարածքում։ Դրան զուգահեռ, Իրանը կարող է զինել և օգտագործել Սինայի թերակղզում գտնվող տարբեր զինված իսլամիստական խմբավորումներին` ընդդեմ Իսրայելի` կտրելով Սինայով դեպի Իսրայել անցնող գազամուղն ու այլ ենթակառուցվածքները։

Ինչ վերաբերվում է Իսրայելին, ապա նրանք ունեն` չնայած պաշտոնապես դա երբեք չեն հաստատում միջուկային զենք, ինչը կարող է որպես «վերջին հույսի» զենք կիրառվել Իրանի դեմ։ Սակայն իրավիճակը դրան չի հասնի` Իսրայելը կարող է օգտագործել Իրանում տարբեր ազգային–կրոնական խմբերին` քրդերին, ադրբեջանցիներին և այլն, Իրանում անջատողական շարժումներ հրահրելու համար։ Մոսադը ժամանակին ֆիզիկապես ոչնչացրել է միջուկային զենքերի մշակմամբ զբաղվող բազմաթիվ իրանցի մասնագետների, ֆիզիկոսների, ինչն իհարկե Իսրայելի կողմից հերքվել է։

Իրանի «մեսիջը» Իսրայելին Հասան Նասրալայի շուրթերով ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմի հակաիրանականությունը կարող է էլ ավելի թեժացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում` միմյանց դեմ կրկին լարել Ծոցի երկրներին ու Իսրայելին մի կողմից, մյուս կողմից` Իրանին ու նրա «շիական առանցքի»` Իրաքի շիաներ, Սիրիա, Հզբոլահ և այլն, դաշնակիցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել