Մանսա Մուսա Քեիթան Մալիի կայսրության սուլթանն էր: 14-րդ դարում, երբ ամբողջ Եվրոպայում պատերազմներ էին ընթանում, հեռավոր Արևմտյան Աֆրիկայում Մալիի կայսրությունն էր ծաղկում ապրում:

Իր կառավարման տարիների ընթացքում Մանսա Մուսան այնքան հարստություն էր կուտակել, որ այժմ էլ համարվում է մարդկության պատմության ամենահարուստ մարդկանցից մեկը: Անգամ ավելի հարուստ, քան այն մարդիկ, ովքեր ապրում են մեր օրերում, և մենք ամեն վայրկյան լսում ենք նրանց կուտակածների մասին:

Արաբ-եգիպտացի գիտնական Ալ-Ումարին Մանսա Մուսային հետևյալ կերպ է բնութագրում.

«Ինձանից առաջ կառավարողը չէր հավատում, որ անհնար է հասնել այն օվկիանոսի ծայրին, որը շրջապատում է աշխարհը (Ատլանտյան օվկիանոս): Նա ցանկանում էր հասնել դրա ավարտին և խստորեն վճռել էր հետամուտ լինել իր ծրագրին: Այսպիսով՝ նա մի քանի տարի շարունակ երկու հարյուր նավեր լցրեց մարդկանցով, ոսկով, ջրով և այլ անհրաժեշտ իրերով: Նա հրամայեց կապիտանին չվերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել օվկիանոսի մյուս ծայրին, կամ քանի դեռ անհրաժեշտության պարագաները չեն վերջացել: Եվ նրանք սկսեցին ճամփորդությունը: Շատ երկար ժամանակ էր անցել, երբ վերջապես ընդամենը մեկ նավ հետ վերադարձավ: Կապիտանն այդ ժամ ասաց. «Ձերդ մեծություն, մենք նավարկեցինք այնքան ժամանակ, մինչև օվկիանոսի հենց մեջտեղում մի հսկա գետ չտեսանք, որը արագորեն հոսում էր: Իմ նավակը վերջինն էր, մնացածն ինձանից առաջ էին գնում: Նրանք ընկան ջրապտույտի մեջ և կործանվեցին: Իսկ ես ճողոպրեցի և անմիջապես վերադարձա»: Սակայն սուլթանը չէր հավատում նրան: Այնուհետև նա երկու հազար նավեր բարձեց ավելի շատ քանակությամբ անհրաժեշտ պարագաներով ու ջրով՝ արդեն իր և իր մարդկանց համար: Նա իր բացակայության ընթացքում պաշտոնը ինձ թողեց և ճանապարհ ընկավ իր մարդկանց հետ՝ այդպես էլ հետագայում չվերադառնալով և կենդանության նշաններ չուղարկելով»:

Ըստ երևույթին՝ Մանսա Մուսա Քեիթան ինքնակալել է իրեն նախորդող Աբու-Բաքր II-ի մահից հետո: Ռազմավարական հնարքների միջոցով նա իր ձեռքի տակ առավ Տիմբակտուի բոլոր քաղաքները, Գաոն և Մալին, որոնք հարուստ էին աղով և ոսկով: Նա կառավարում էր միջագետքյան և արևմտաաֆրիկական բոլոր կարևոր առևտրական ուղիները:

Աշխարհին նա հայտնի է դարձել իր՝ Մեքքա ուխտագնացությունից հետո՝ 1324-1325 թվականներին: Նա միայնակ չէր. իր հետ վերցրել էր 10,000 զինվորների «քարավան», 30,000 հասարակ քաղաքացիներ, 12,000 ստրուկներ և 500 մունետիկներ, որոնք ոսկի էին շալակում: Նրանցից բոլորը հագնված էին պարսկական թանկարժեք մետաքսից կարված հագուստներով: Մուսան հոգացել էր բոլոր անհրաժեշտ ծախսերը մարդկանցից յուրաքանչյուրի համար:

Նրանց հետ էին նաև 80 ուղտեր, որոնցից յուրաքանչյուրը 500-300 փաունդ ոսկու փոշի էր շալակել: Մուսան այդ ոսկին նվիրաբերում էր ճանապարհին հանդիպող աղքատներին: Նրա ուխտագնացությունը տևեց շուրջ մեկ տարի: Սակայն սուլթանի առատաձեռն գործողությունները պատահաբար ավերում էին այն շրջանների տնտեսությունները, որտեղով որ նա անցնում էր: Կահիրեում, Մեդինայում և Մեքքայում ոսկու հանկարծակի ներհոսքը հետագա տասնամյակի ընթացքում արժեզրկեց մետաղը:

Ապրանքների գները ինֆլյացիայի ենթարկվեցին: Ոսկու շուկայի աշխատանքը շտկելու համար Մեքքայից վերադառնալու ճանապարհին Մուսան պարտքով, ինչքան հնարավոր է, շատ ոսկի վերցրեց Կահիրեի դրամական վարկատուներից: Սա պատմության մեջ միակ դեպքն է, երբ ընդամենը մի հոգի կարողացել է ինքնուրույն կառավարել ողջ Միջագետքի ոսկու գինը:

Ուխտագնացությունից վերադառնալու ժամանակ ողջ արևմտյան աշխարհն արդեն լսել էր Մանսա Մուսայի և նրա հարստության մասին: Սուլթանը, իր հարստությունն ու Մալին 1357 թ. ընդգրկվեցին կատալոնական ատլասի մեջ, որը համարվում է պատմության մեջ Միջնադարյան Եվրոպայի ամենակարևոր քարտեզներից մեկը:

Մեքքայից վերադառնալուց հետո Մանսա Մուսան սկսեց բարելավել Մալիի  տնտեսությունը, կրթական համակարգը և ճարտարապետությունը՝ բերելով արաբ գիտնականների, ճարտարապետների և կառավարության բյուրոկրատների:

Որպես բարեպաշտ մահմեդական՝ Մանսա Մուսան քաղաքները վերածեց կրոնական կենտրոնների:

Հրավիրված ճարտարապետ Էլ-Թուջինը կայսրության համար նախագծեց հարյուրավոր շինություններ, այդ թվում նաև՝ Մադագու անունով հիանալի պալատը, Գաոյի (Մալիի երկրորդ ամենամեծ քաղաքը) մզկիթը, և Տիմբուկտուում (կայսրության ամենամեծ քաղաքը) դեռ կանգուն Ջինգերեբեր մզկիթը: Նրա ամենահայտնի նախագիծը Կայսրի Սենյկն էր Մալիի մայրաքաղաք Նիանիում:

Մանսա Մուսան Տիմակտուում նաև հիմնել է հսկայական համալսարան՝ Սանկորի համալսարանը, որտեղ որպես ուսուցիչներ աշխատում էին իրավաբաններ, աստղագետներ, մաթեմատիկոսներ: Համալսարանը դարձավ ողջ իսլամական աշխարհի կրթական կենտրոնը:

Մուսայի պալատն այլևս չկա, սակայն համալսարանն ու մզկիթը դեռևս պահպանվում են Տիմբուկտուում:

Մանսա Մուսայի կառավարման վերջում Սանկորի համալսարանը վերածվեց համասարանի, որը ամենաշատ գրքերն ուներ ողջ Աֆրիկայում՝ Ալեքսանդրիայի գրադարանից հետո: Սանկորի համալսարանն ընդունում է 25,000 ուսանողների և աշխարհում ամենամեծ գրադարաններից մեկն ունի՝ մոտ 1,000,000 ձեռագրերով:

25 տարվա կառավարումից հետո Մանսա Մուսան մահացավ 1337 թվականին: Նրան հաջորդեց որդին՝ Մաղան I-ը:

«Սուլթանը մեզ հսկայական ժառանգություն է թողել՝ մզկիթներ, գրադարաններ, որոնք խորհրդանշում են Մալիի պատմության ոսկե տարիները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել