բացել լրահոսը
16.02.2017  13:32

Թրամփի՝ հակառուսական հռետորաբանության դիմելու երկու հիմնական մոտիվները

Konstantin Ter-Nakalyan


Картинки по запросу трамп путин

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ՝ Թրամփը գնալով ավելի հակառուսական հռետորաբանություն է որդեգրում։ Կարծում եմ, որ սրա հիմքում նա ունի առնվազն երկու հստակ ու հիմնավոր մոտիվ։

Նախ՝ G20-ի հերթական գագաթնաժողովի շրջանակներում պլանավորվող Պուտին-Թրամփ հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի, ու սպասվում են ծանր բանակցություններ։ Լինելով բիզնես աշխարհի կարկառուն ներկայացուցիչ՝ Թրամփը շատ լավ պետք է տիրապետի բանակցությունների արվեստին, ու եթե դա այդպես է, ապա նա փայլուն պատկերացնում է, որ որքան քիչ լինեն քո պահանջները, այնքան շատ են լինելու քո զիջումները։

Այսինքն, եթե Թրամփը հիմա պահպանի այն հռետորաբանությունը, որը շատերը որակում են որպես «Ռուսաստանի հետ ջան-ջիգյարություն անել», ապա Պուտինը կարող է նրանից հայտնի իմաստով «քերթել» շա՜տ շոշափելի զիջումներ՝ պատժամիջոցների ամբողջական կամ շոշափելի չեղարկում, Ուկրաինայի ու դրան վերաբերող հարցերին չխառնվելու պայմանավորվածություն, սիրիական կոնֆլիկտում ավելի նպաստավոր պայմաններ և այլն, այն պարզ պատճառով, որ Թրամփի նախնական բանակցային դիրքերը թույլ են ու քիչ բան են պահանջում Ռուսաստանից։

Իսկ եթե Թրամփը բանակցությունների սեղանին է նստում Ղրիմը վերադարձնելու, միջուկային սպառազինությունների կրճատման, ահաբեկչության պայքարի ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու և այլ պահանջներով, Թրամփն ավելի լայն դաշտ է ունենում խուսանավելու ու ավելի քիչ ցավոտ փոխզիջումների հասնելու համար։ Սա, ի դեպ, նման է արևելյան շուկայի առևտրի, երբ վաճառողն ի սկզբանե ասում է ակնկալածից ավելի բարձր գին, իսկ գնորդն ի սկզբանե ասում է էապես ավելի քիչ գումարի չափ, քան նա իրականում պատրաստ է վճարել։

Երկրորդ պատճառը, որը ստիպում է Թրամփին գոնե այս փուլում փոխել հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ, այն է, որ Թրամփը վերջին օրերին ներքին լուրջ խնդիրների է բախվել, որոնք հանգեցրել են ընդհուպ մինչև նրա անվտանգության հարցերով խորհրդականի հրաժարականի։ Եվ այդ խնդիրներն անմիջականորեն վերաբերում են Թրամփի ու նրա թիմի շուրջ անդադար պտտվող խոսակցություններին, համաձայն որոնց՝ Թրամփի հաղթանակին նպաստել են Ռուսաստանի ու ռուսական հատուկ ծառայությունների հետ որոշակի ծպտյալ հարաբերություններն ու պայմանավորվածությունները։ Նրա օգնականը, ի դեպ, հրաժարական է տվել հենց այն բանից հետո, երբ մերկացնող փաստերի հրապարակումից հետո խոստովանել է, որ թաքցրել է ՌԴ դեսպանի հետ ունեցած իր խոսակցությունների փաստը։

Իհարկե, առաջին մոտիվը ավելի ծանրակշիռ է, ու բարդ է ասել, թե ինչ արդյունք կունենա Թրամփի ռազմավարությունն այս փուլում։ Չի բացառվում, որ բանակցությունները ոչինչ էլ չտան հարաբերությունների կարգավորման հարցում, նամանավանդ, եթե հաշվի առնենք, որ նա Պուտինից ակնկալում է, որ Ռուսաստանը հետ կկանգնի Իրանի ու Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու իր մարտավարությունից։

Այս փուլում չի կարելի բացառել անգամ այն, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են էլ ավելի վատանալ, չնայած չի կարելի բացառել նաև, որ երկու առաջնորդների միջև, այնուամենայնիվ, կարող են ձեռք բերվել այնպիսի փոխշահավետ համաձայնություններ, որոնց շնորհիվ շոշափելի փոփոխություններ կլինեն ինչպես աշխարհաքաղաքական մթնոլորտում, այնպես էլ միջպետական հարաբերություններում առկա լարվածությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1085 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝