Image result for egypt 2016Բավական մտահոգիչ իրողություններ են արձանագրվում մերձավորարևելյան կարևորագույն դերակատարներից՝ Եգիպտոսի տնտեսական կյանքում: Բնակչության թվով ամենամեծ արաբական երկիրը որևէ կերպ չի կարողանում գլուխ բարձրացնել սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներից, որոնք որոշակի առումով նաև «եգիպտական գարնան» հիմնապատճառներից էին:

Չնայած ներքաղաքական կյանքի կայունացման դրական ազդակներին, այնուամենայնիվ, Եգիպտոսի իշխանություններին որևէ կերպ չի հաջողվում ուշքի բերել երկրի տնտեսությունը: Ավելին՝ ընթացիկ տարեսկզբի տվյալներով՝ գնաճն, ըստ Եգիպտոսի ԿԲ-ի տրամադրած տվյալների, կազմել է վերջին 12 տարիների համար ռեկորդային՝ 30,86%, և ինչն է առավել մտահոգիչ, որ այն ընդգրկում է առավել լայն սպառման առաջնային ապրանքատեսակների զամբյուղը՝ սննդամթերք, դեղորայք, դիզվառելիք և այլն:

Եգիպտոսում առկա տնտեսական իրավիճակի սրումը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև երկրի առանցքային տնտեսական «գործընկեր» և ֆինանսական դոնոր հանդիսացող Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ՝ կապված վիճահարույց կղզիների ճակատագրի հետ: Չի բացառվում նաև, որ նման իրավիճակը հերթական ներքաղաքական ցնցումների լուրջ պատճառ հանդիսանա ոչ վաղ անցյալում շրջադարձային հեղափոխական գործընթացներից հազիվ գլուխ բարձրացնող երբեմնի կարևորագույն արաբական երկրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել