Image result for косово-сербияԿոսովոյի խորհրդարանը բանաձև է ընդունել սեփական զինված ուժերի ստեղծման մասին։ Կոսովոյի կառավարությունը` Անվտանգության ուժերի փոխարեն շտապ կերպով սկսելու է զինված ուժերի ձևավորման գործընթացը։
Այդ լուրն իհարկե առաջացրել է Սերբիայի իշխանությունների դժգոհությունը, որոնք չեն ճանաչում Կոսովոն և վերջին շրջանում հայտարարում են իրենց պատրաստակամության մասին մտնել Կոսովոյի հյուսիս և պաշտպանել տեղի սերբերին։

Ինչպես հայտնի է, Կոսովոյի հյուսիսում առկա են սերբական անկլավներ և Բելգրադը հանդես է գալիս Կոսովոյի սերբերի անվտանգության երաշխավորի դերում։ Կոսովոյի ու Սերբիայի մինչև ցանկացած միջադեպ կարող է հանգեցնել բալկանյան նոր պատերազմի, որտեղ կներքաշվեն մի քանի պետություններ, որտեղ գտնվում են սերբական փոքրամասնություններ, որոնք հավանաբար կցանկանան բալկանյան նոր պատերազմի պատրվակով միանալ Սերբիային, իսկ Ալբանիան օգնության կհասնի իր ազգակիցներին` Կոսովոյի ալբանացիներին։

Իհարկե Արևմուտքը չի ցանկանա Բալկաններում նոր պատերազմ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բալկանյան մի շարք երկրներ` Ալբանիա, Խորվաթիա, շուտով նաև Չեռնոգորիա, Դաշինքի անդամ են և ՆԱՏՕ–ն պետք է հանդես գա նրանց պաշտպանությամբ կամ գոնե` հաշվի առնելով, որ Սերբիան ուղիղ հարձակում չի գործում ՆԱՏՕ–ի անդամ երկրների վրա և չի կարող գործի դրվել 5-րդ հոդվածը` հարձակում ՆԱՏՕ–ի մեկ անդամի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա, ապա գոնե ռազմա–քաղաքական, տնտեսական և այլ ճնշումներ կգործադրեն Սերբիայի վրա։
Սերբիան միշտ էլ համարվել է Բալկաններում ՌԴ–ի թիվ մեկ դաշնակիցն ու դա Բելգրադին տասնամյակներով չեն ներում Բրյուսելում ու Վաշինգտոնում, ինչի հետևանքով Սերբիան զրկվեց Կոսովոյից, Չեռնոգորիայից` ելքից դեպի ծով և այլն։

Կոսովոյի կողմից սեփական բանակի ստեղծումը կարող է պայմանավորված լինել Կոսովոյի հյուսիսում առկա սերբական անկլավներից վերջնականապես «ձերբազատվելու» մտադրությամբ` Կոսովոն էթնիկ–կրոնական առումով զուտ ալբանական տարածքի վերածելու տեսլականով։
Ինչ վերաբերվում է Սերբիային, ապա Բելգրադը հույսը կարող է դնել միայն Մոսկվայի վրա, որը չի ճանաչում Կոսովոյի անկախությունն ու Սերբիային ռազմա–տեխնիկական աջակցություն կարող է ցուցաբերել։ Մոսկվան նաև կարող է, եթե գործը հասնի մեծ հակամարտության և ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստ գումարվի, իր վետոյի իրավունքն օգտագործի Սերբիայի դեմ հնարավոր պատերազմի կամ պատժամիջոցներ կիրառելու քվեարկության ժամանակ։

Չպետք է մոռանալ, որ Կոսովոյում է գտնվում ԱՄՆ–ի ամենախոշոր ռազմաբազաներից մեկը` Camp Bondsteel–ը և Վաշինգտոնը կարող է շատ արագ «մարել» թեժ օջախն ու կողմերին հետ պահել հետագա էսկալացիայից։

Բալկաններում` ԱՄՆ (NATO, ԵՄ)-ՌԴ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու proxy war–ը կարող է դառնալ նոր մարտահրավեր Թրամփի վարչակազմի համար, որը փորձում է նոր էջ բացել Կրեմլի հետ հարաբերություններում` չմոռանալով, սակայն, հիշեցնել Ղրիմի և Դոնբասի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել