Картинки по запросу ելքՀայտնի են «Ելք» դաշինքի առաջին երեք հոգին, ովքեր կգլխավորեն ցուցակը այս քաղաքական ուժի ընտրությունների ժամանակ։ Էդմոն Մարուքյանը առաջին տեղում է, Արամ Սարգսյանը՝ երկրորդ, երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին հայացքից ոչ մի նշանակություն չունի, թե ով է լինելու առաջին համարը, քանի որ դա մեծ հաշվով ոչինչ չի փոխում, սակայն շատ կարևոր է ներքին կուսակցական դասավորվածության համար։ Արտաքուստ, իհարկե, ամեն ինչ նորմալ է, սակայն այս երեք կուսակցություններում կան մարդիկ, որոնց համար շատ կարևոր է, թե կոնկրետ իրենց կուսակցության լիդերը ինչպիսի հարաբերություններ է կարողանում կարգավորել և կոպիտ ասած՝ ինչպիսի խնդիրներ է լուծում դաշինքի ներսում, նամանավանդ, երբ դաշինքը հայտարարել է, որ ապագայում մեկ կուսակցություն ստեղծելու հավակնություններ ունի։ Մամուլում, դիցուք, լուրեր տարածվեցին, որ կուսակցական ցուցակների կազմման հարցում ՔՊ-ում ամեն ինչ հարթ չի անցել, ու արդյունքները, մեղմ ասած, խնդրահարույց են եղել։ Երևի սա է պատճառը, որ Փաշինյանը դեռ խնդիրներ ունի հենց սեփական կուսակցության ներսում ու երրորդ տեղն է զբաղեցրել դաշինքի ներսում։

Ինչ մնում է Էդմոն Մարուքյանին, ապա պետք է խոստովանել, որ այս քաղաքական գործիչը ցուցաբերեց բավականին հասուն քաղաքական մոտեցում և նույնիսկ այն ժամանակ, երբ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քարը քարի վրա չէին թողնում, վերջինս վեր կանգնեց բոլոր տիպի անձնական մակարդակի հայտարարություններ անելուց ու վիրավորանքներին պատասխանելուց ու պատվով դուրս եկավ այս բանավեճից։ Այդ է պատճառը, որ Մարուքյանը սկսել է հարգանք վայելել նաև հենց ՔՊ-ում։ Ինչ մնում է Արամ Զավենի Սարգսյանին, ապա այս մարդը մշտապես աչքի է ընկել իր ոչ ամբիցիոզ վարքագծով, այդ իսկ պատճառով նրա համար տեղը կարող է իսկապես կապ չունենալ ու դաշինքի շահերը վեր դասել անձնականից։ Իսկ թե ինչպես կընթանան արդեն դաշինքի գործերը սրանից հետո, ցույց կտա ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել