Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը (ANRO) դիմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ իրենք ադրբեջանցի են և ոչ իրանցի։
ANRO-ի մամուլի խոսնակ Բաբեկ Չելեբիանլըն հայտարարել է, որ «Հարավային Ադրբեջանի բնակիչները համարում են, որ իրենք Իրանի մաս չեն և մեղադրում են իրանական ռեժիմին հետապնդումների ու խտրականության մեջ»։ ANRO-ի ներկայացուցիչը Թրամփին բողոքել է իրանական ռեժիմից, որն «իրականացնում է արաբաֆոբիայի, հակաթյուրքիզմի քաղաքականություն»։

ANRO-ն ստեղծվել է 2006թ.-ին։

Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անջատողականությունը նոր երևույթ չէ և Իրանի արտաքին հակառակորդներն ու աշխարհաքաղաքական մրցակիցները շատ հաճախ են փորձում օգտագործել Իրանի ազգային-էթնիկ, կրոնական բազմազանությունն` այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և Իրանը մի քանի մասերի բաժանելու նպատակով։
Տարբեր ուժեր` Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան փորձել են իրենց հատուկ ծառայությունների միջոցով աջակցել քրդական, արաբական, ադրբեջանական անջատողականությանը` դրանով թուլացնելով Իրանին ու փորձել շեղել Թեհրանի ուշադրությունը Իսրայելից, Սաուդյան Արաբիայի շիաների խնդիրներից դեպի ներքին խնդիրներ` ստեղծել ներքին «թեժ կետեր», ինչն էլ, ըստ հակաիրանական կոալիացիայի, ԱՄՆ-ն, Իսրայել, Ծոցի երկրներ, Թուրքիա, ռազմավարության պետք է էթնիկ-կրոնական սահմաններով կազմաքանդեր Իրանն ու այն վերածել յուրօրինակ «Իրաքի»։

Իրանը շատ խիստ ու կտրուկ է արձագանքում այդպիսի երևույթների` տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները անպատասխան չեն մնում։ Այս կազմակերպության` ANRO, Թրամփին ուղղված «մեսիջները» խոսում են այն մասին, որ Թրամփի նոր «հակաիրանական» և խիստ իսրայելամետ դիրքորոշումը փորձում են օգտագործել ԱՄՆ-ից ֆինանսական, հետագայում նաև ռազմա-քաղաքական աջակցություն ստանալու համար։
Այսպիսի կազմակերպություններին կարող է ոչ բացահայտ աջակցություն ցույց տալ նաև Ադրբեջանը` ոչ իշխանությունների, այլ, այսպես կոչված, ազգային ճակատների ու ազգայնական շրջանակների շուրթերով։

«Հարավային Ադրբեջանում» կամ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտագնության ու պետականությանը։ Իրանից «կտրվելու» և թուրքերով նաև հարավից`Մեղրիից այս կողմ, շրջապատվելու դեպքում ՀՀ-ն հայտնվում է լիակատար բլոկադայի մեջ, չմոռանանք, որ Վրաստանում, ՀՀ-ին սահմանակից Քվեմո–Քարթլիում էլ կոմպակտ բնակվում են ադրբեջանցիները. հենց այդ շրջաններով են անցնում ՀՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող ենթակառուցվածքները։

Այդ պատճառով Երևանի համար Իրանի տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր պետք է լինի, ինչքան ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն, ու այդպիսի կազմակերպությունների հայտարարությունների դատապարտումը նույնպես դրականորեն կազդի հայ–իրանական հարաբերությունների ու ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու տեսլականի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել