Image result for ираном и азербайджаномԱդրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը և իր դաշնակիցները ԱՄՆ-ում իշխանափոխությունից և հակաիրանական հայացքներ ունեցող Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո կրկին հրապարակ է նետում, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի խնդիրը: Ալիևյան ԶԼՄ-ները տարածել են, այսպես կոչված, «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության» (ANRO) ղեկավար Բաբեկ Չելեբիանլիի նամակը ուղղված ԱՄՆ նախագահ Դ. Թրամփին, որում Իրանում բնակվող թուրք-ազերիների անունից Բաքվի և Անկարայի սույն խամաճիկը խնդրում է ԱՄՆ նորընտիր նախագահին այսուհետ Իրանում բնակվող ադրբեջանցիներին իրանցիներ չանվանել, քանի որ նրանք իրանցիներ չեն և նրանց հայրենիքը Հարավային Ադրբեջանն է: Չելեբիանլին խնդրում է Թրամփին չկիրառել իրանաբնակ ազերիների նկատմամբ ԱՄՆ մուտքի արգելքը, որի մասին որոշումը վերջերս էր ընդունել Թրամփի վարչակարգը, քանի որ իբրև թե Իրանում բնակվող ազերի-թուրքերը Թեհրանի կողմից ենթարկվում են հալածանքների և ստիպված են ապաստան գնտել ԱՄՆ-ում: Այս նամակում սույն գործիչը նաև ԱՄՆ նախագահին բավական մանրամասն պատմում է «Հարավային Ադրբեջանի» պատմությունը:
Հավելեմ, որ այս բացահայտ հակաիրանական նամակ-կոչը առաջինը հրապարակել է Էր Ռիադի կողմից հովանավորվող Alweeam գործակալությունը և ընդամենը վայրկյաններ անց վերահրապարավել Բաքվի մամուլի կողմից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այս նամակի հետևում կանգնած են Իրանի բացահայտ և ծպտյալ թշնամիները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և չզարմանաք՝ Իսրայելը: Հենց այս երկրների մայրաքաղաքներում են բավական ոգեշնչված Թրամփի իշխանության գալով, որը երբեք չի թաքցրել իր հակակրանքը Թեհրանի նկատմամբ: ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները Թեհրանի համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծում, որոնցից մեկը հենց «Հարավային Ադրբեջան»-ի և այնտեղ բնակվող շիա թուրքերի խնդրի ռեինկարնացիան է, որը մահակի նման մեյդան է բերվում Իրանի թշնամիների կողմից, որոնք փորձում են ներսից քայքայել Իրանը: Պատահական չէ նաև, որ այս նամակը հայտնվեց Սպիտակ Տանն այն ժամանակ, երբ ընթանում է Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական մենամարտը:
Հավանական է, որ նույնիսկ ազերիական հանրությանն անհայտ Չելեբիանլիի նամակի ի հայտ գալն այս պահին ձեռնտու է կոնկրետ Էր Ռիադին և Թել Ավիվին, որոնք Իրանը համարում են իրենց թշնամի երկիր: Իսկ Ադրբեջանը պլացդարմ է դառնում Իրանի հակառակորդների համար և դրանից փորձում է օգտվել՝ նպատակ ունենալով Իրանի մասնատման դեպքում ստանալ այսպես կոչված Հարավային Ադրբեջանը:
Իրանում, Չելեբիանլիի նամակը խիստ քննադատության է ենթարվել: Թեհրանում շատ լավ պատկերացնում են, թե իրականում ովքեր են կանգնած այդ մանակի հետևում և ինչ նպատակներ են հետապնդում:
Հավելեմ, որ այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» խնդիրը շինծու է: Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող շիա թուրքերը իրենց միշտ համարել են ԹՈՒՐՔ, այլ ոչ թե ադրբեջանցի, քանի որ ի տարբերություն պաշտոնական Բաքվի, Իրանում բնակվող թուրքերը շատ լավ գիտեն սեփական պատմությունը: Գիտեն, որ իրենք այս տարածաշրջանում են հայտնվել 11-12 դարերում: Իսկ «Ադրբեջան» կոչվածը, դա պատմական Ատրպատականն է, որի անվանումը արաբական «Ադրբադագան»-ից թրքացվել է և դարձել է «Ազերբայջան», որն էլ 1918 թ-ին Հարավային Կովկասում բնակվող թուրք շիաների կողմից սեփականաշնորհվեց որպես ինքնանվանում:
Հ.Գ.Այս նամակից մի բան էլ պարզեցի: Թուրքի լկտիությունը ոչ ոք չունի: Հետաքրքիր է ստացվում. Իրանում ԵԿՎՈՐ թուրքերն, ըստ Բաքվի, իրավունք ունեն ինքնորոշվելու, իսկ Արցախում բնակվող ԲՆԻԿ հայերն այդ իրավունքից զրկված են:
ժամանակն է, որ տարածաշրջանի բնիկ ժողովուրդները մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և միահամուռ պայքար սկսեն մեծ վտանգ ներկայացնող այս «քաղցկեղի»՝ Ադրբեջանի դեմ, որն իր «մետաստազներն» է տարածում հարևան երկրներում՝ Հայաստանում, ՌԴ-ում, Իրանում, Վրաստանում: Ու այդ գործում նրան օգնում են որոշ ուժեր և երկրներ, որոնց նպատակն է տիրանալ այդ երկրների հարստությանը և տարածքներին՝ ինչպես դա եղավ Իրաքի և Լիբիայի դեպքում, իսկ Սիրիայի համար պայքարը դեռ շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել