Armenpress-ը գրում է.
 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-­ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են:

Պարո´ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահիհայտարարությունն առ այն, որ ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է: ­

Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է ինչպես վերոնշյալ համաձայնագրերով, այնպես էլ ՄԱԿ­ի Կանոնադրությամբ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Նման հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ կարգավորելու միջնորդական ջանքերով հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հանդեպ: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ձևացնում է, որ դա չի գիտակցում, ապա անգամ դա իր ներքին գործը չէ, իսկ եթե հայտարարում է գիտակցելով, ապա դա արդեն պաթոլոգիա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել