Картинки по запросу Աժ

Աժ նիստն այսօր ևս առանձնացավ իր օրիգինալությամբ: Հերթական քառօրյայի վերջին նիստերը բավականին գաղջ էին ու անհետաքրքրիր, քննարկումները՝ ձանձրալի:
Քննարկվող հարցերը տարբեր էին՝ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ, սերվիտուտի մասին օրենք և նման կարգի այլ նեղ ոլորտային հարցեր: Հիմնական զեկուցող փոխնախարար Քրմոյանին տրվում էին բավականին դիլետանտական և պրիմիտիվ հարցեր:

Ստեղծվածից իրավիճակից նեղված՝ Գագիկ Ջհանգիրյանը դիտողություն արեց նոր իրավաբանություն սովորող գործընկերներին. «Էս հռոմեական քաղաքացիական իրավունքն է, Նապոլեոնի քաղաքացիական օրենսդրությունն է, նույնիսկ ուզուֆրուկտը հռոմեական տերմինալոգիա է, ոչ մի նորարարություն չկա: Ես հասկանում եմ՝ բոլորն իրավաբաններ չեն: Կարելի է այս նախագիծը խմբագրել, բարելավել, բայց, կներեք ինձ, հիմա ընթացքից չեք սովորի սերվիտուտի իրավունքը»:

Պառլամենտի նախորդ թեժ եռօրյայի «բեքգրաունդը» բավականին հոգնեցուցիչ ստացվեց: ԱԺ-ում բանավեճային առողջ և կառուցողական մթնոլորտ ունենալու համար առաջնային է ընդդիմադիր սեկտորի առկայությունը, որն այսօր պառլամենտի դահլիճում բացակայում էր. երեք նիստերից միայն առաջինին էին ներկա ընդդիմադիր հաշված պատգամավորներ, մյուս երկու նիստերի ժամանակ դահլիճում թևածում էր բացառապես «հանրապետական» մթնոլորտ:
Ստեղծված իրավիճակը բավականին նպաստավոր էր օրինագծերի մի ամբողջ շարք դակելու համար, և շքերթն ընթացավ բավականին կազմակերպված: «Քննարկվեց» մոտ 20 նախագիծ:

Այն, որ նախըտրական շրջանին ընդառաջ կանխատեսվում էր պատգամավորական պասիվություն, ակնհայտ էր, բայց քառօրյա աշխատանքների նկատմամբ նման անտարբերությունը մի տեսակ վիրավորական է: Վերջում նիստի տերը ՀՀԿ-ական տիկնայք էին, նրանք փորձում էին դահլիճում ապահովել առողջ ու սթափ քննարկման միջավայր:
Ուշագրավ է, որ խորհրդարանի ներկա աշխատանքն արհամարհած պառլամենտականները նախապատրաստվում են ապագա աթոռների «գոյապայքարին»: ՀՀ պառլամենտի պատմության մեջ այս գումարման ԱԺ-ն աչքի ընկավ իր օրիգինալությամբ և տարօրինակ անտարբերությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել