Похожее изображениеՎերջերս վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարեց վրացական և ռուսական կողմերի հետ քննարկել Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղություններով բեռնափոխադրումների իրականացման այլընտրանքային ցամաքային ճանապարհներ գործարկելու հարցը: Անշուշտ, խնդիրը որքան կարևոր, այնքան էլ դժվար իրականացնելի է, քանի որ կախված չէ միայն մեկ կամ երկու կողմերից, ավելին՝ առկա է քաղաքական շահերի բախում, ինչը խոչընդոտում է վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման գործընթացում լուրջ առաջընթաց արձանագրելուն: Բայց արի ու տես, որ ինչպես կարճ ժամանակ առաջ էինք կանխատեսում, «Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ կարծես սայլը տեղից շարժվում է»:

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ Աբաշիձեի և Կարասինի՝ Պրահայում կայացած հանդիպման արդյունքները կարող են դառնալ աննախադեպ՝ հնարավոր դրական արդյունք արձանագրելու տեսանկյունից: Ինչպես հանդիպումից հետո է պարզ է դարձել, կողմերը պայմանավորվել են գործարկել դեռևս 2011թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որով նախատեսվում է առևտրային գործունեություն իրականացնել և տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի միջով: Նշանակում է՝ կարճ ժամանակ անց կարող ենք այլընտրանքային ցամաքային ճանապարհներ ունենալ, որոնք կփոխարինեն Լարսին և հայկական բեռներն ավելի ապահով և արագ կհասնեն իրենց հասցեատերերին:

Մոսկվայի և Թբիլիսիի վերոնշյալ պայմանավորվածությունն իր բովանդակությամբ աննախադեպ է և միանշանակ արտահայտում է հայանպաստ դիրքորոշում: Մնում է հայկական կողմը ևս իր ջանքերը գործադրի սկսված գործը ավարտին հասցնելու և իրականություն դարձնելու համար:

Ի դեպ՝ 2011թ.-ին Սաակաշվիլին զիջման գնաց և կողմ քվեարկեց Ռուսաստանի՝ ԱՀԿ մտնելուն, որի դիմաց պետք է կյանքի կոչվեր վերոնշյալ պայմանավորվածությունը, և միջնորդ՝ շվեյցարական ընկերության վերահսկողությամբ բեռները պետք է անցնեին Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, միևնույն ժամանակ կողմերից պահանջվում էր հիշյալ պայմանագրի շրջանակներում չշահարկել տարածքային ամբողջականության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել