Image result for trumpԱՄՆ-ի նախագահ Դ. Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգում ակնհայտ հակաիրանական ուղեգիծը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև նախագահի մերձավոր շրջապատում հրեական գործոնի ազդեցիկ դերակատարությամբ. այս իրողությունն առանցքային նշանակություն ունի, բնականաբար, Մերձավոր Արևելքում Իսրայել-Իրան թշնամական հարաբերությունների համատեքստում: Բացի այն, որ նախագահական ընտրություններին Թրամփի տարած հաղթանակում, անհերքելիորեն, ծանրակշիռ դեր է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի աջակցությունը, մյուս կողմից Սպիտակ տան նոր ղեկավարի աշխատակազմում բավական ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում նաև թվով 11 հրեա պաշտոնյաներ, ովքեր հիմնականում իրականացնում են խորհրդատվական գործառույթներ:

Նրանցից 3-ը, ովքեր հայտնի են անթաքույց իսրայելամետ դիրքորոշմամբ, ուղղակի դերակատարություն ունեն հենց արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահի 36-ամյա փեսան՝ ազդեցիկ գործարար Ջարեդ Քուշները, ով զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը՝ համակարգելով նաև մերձավորարևելյան և Իսրայելի հետ հարաբերությունների ուղղությունները:

Հաջորդը՝ նախագահի մտերիմ ընկեր, ԱՄՆ-ում հանրահայտ փաստաբան Դևիդ Ֆրիդմանն է, ով ևս ներկայում իրականացնում է խորհրդականի գործառույթներ, մինչդեռ չի բացառվում նրա՝ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվելու հնարավորությունը: Ֆրիդմանը ևս հայտնի է ակնհայտ պրոիսրայելական դիրքորոշմամբ և Իրանի ու պաղեստինյան հիմնախնդրի հարցերում արմատական մոտեցումներով:

Թրամփի բիզնես-գործընկեր, շուրջ 20 տարի Trump Organization-ի գործադիր փոխնախագահ աշխատած Ջեյսոն Գրինբլատը նախագահի աշխատակազմում զբաղեցնում է միջազգային բանակցություններում Սպիտակ տան ներկայացուցչի պաշտոնը:

Ազգությամբ հրեա մյուս 8 պաշտոնյաները հիմնականում զբաղեցնում են տնտեսական և իրավական ոլորտներում խորհրդատուի պաշտոններ՝ դարձյալ պատկառելի ազդեցություն ունենալով նախագահի կողմից որոշումների ընդունման ուղղություններում:

Եվ որքան էլ, հատկապես գերտերությունների պարագայում, հիմնականում համակարգված են երկրի արտաքին շահերը, իսկ դրանց առարկայացմանն ուղղված քաղաքական ուղեգիծը հնարավորինս հաշվարկված, այնուամենայնիվ, չի կարելի չգնահատել նաև մարդկային գործոնի ազդեցությունը հատկապես որոշումների կայացման գործընթացում. Թրամփի ակնհայտ հակաիրանական մոտեցումները վերոնշյալի ամենավառ ապացույցն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել