Картинки по запросу հայկական վերածնունդ«Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իր թիմակիցներով հանդերձ դուրս է գալիս կուսակցությունից, որովհետև կուսակցության լիդեր Արթուր Բաղդասարյանը դավաճանել է նախօրոք ծրագրված խոստումներին ու գաղափարներին։ ՀՎԿ-ն, առհասարակ, շատ յուրահատուկ կառույց է։ Այս կուսակցությունը անվանափոխվելուց հետո չի դադարում զարմացնել զուտ այն իմաստով, որ թերևս կադրային հարցում ամենաակտիվ ու ճկուն քաղաքականությունն է վարում։ Ճկուն մարքետինգի շնորհիվ նրանք շատ լավ են հասկանում Հայաստանի քաղաքական մթնոլորտի իրական պատկերն ու դաշտը և առաջնորդվում ոչ թե վեհ գաղափարներով, այլ ըստ էության։ Դիցուք՝ Վանաձորում նրանք կարողացան քաղաքապետի այնպիսի հարմար թեկնածու ընտրել, ով կարողացավ կուսակցության համար հինգ հազար ձայն հավաքել։ Սա այն պարագայում, երբ 2008 թվականից հետո Արթուր Բաղդասարյանի վարկանիշը ոչ միայն չի աճել, այլ գնալով ընկել է։ Ու սա կրում է շարունակական բնույթ։ Սակայն արի ու տես, որ կուսակցությունը բոլոր ընտրություններին մասնակցում է ու ունի մշտապես իր կայուն ձայները։ Ինչու է սա տեղի ունենում, արդեն նշեցինք։ Սակայն պարզ է, որ սրա հետ մեկտեղ գոյություն ունի նաև թիմի կազմավորվման կամ այսպես ասած՝ նորացման խնդիր։ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան, սակայն հաստատ ՀՎԿ-ն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ունի երիտասարդների շատ մեծ բազմություն, ու դեռ անհայտ է՝ ինչպես կվարվեն մյուսները։ Սակայն այն, որ Արթուր Բաղդասարյանը սուրբ չէ, ու հեռու չէ իրենից նման կոնֆլիկտներ հրահրելը, դա բացառել պետք չէ։ Այս մարդը շարունակում է ապշեցուցիչ եռանդով իր մասին վատ կարծիք ձևավորելու գործընթացը։ Ժամանակին լինելով Հայաստանի ամենահեռանկարային քաղաքական գործիչներից մեկը՝ նա շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց շահել հանրության վստահությունը, սակայն 2008 թվականից հետո կտրուկ վարկանիշի անկում գրանցելուց հետո նա, մե՛կ ընդդիմադիր, մե՛կ իշխանական ճամբարում հայտնվելով, դարձել է բազում անեկդոտների ու առասպելների «հեղինակ»՝ ուղղված հենց իր դեմ։ Մի խոսքով՝ հերթական սկանդալը ՀՎԿ-ում, ինչը ոչ թե ցավալի, այլ պարզապես զզվելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել