Image result for лапшинՆախօրեին Բելառուսի կողմից միաժամանակ Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական իշխանություններին արտահանձնելու «գործարքի» առանցքային նպատակն աղմուկն է՝ դիվանագիտական և քարոզչական աղմուկը, որն, ի դեպ, անհերքելիորեն փոխշահավետ է և՛ Մինսկի, և՛ Բաքվի համար: Նման եզրահանգման համար, համենայն դեպս, անհրաժեշտ հիմքեր է ստեղծում, վստահաբար, կողմերի միջև ամենաբարձր մակարդակով փոխհամաձայնեցված (հաշվի առնելով ավտորիտար վարչակարգերի առկայությունն այդ երկրներում և դրան հարակից, իրավական, դատական մարմինների կախվածությունը բարձրագույն իշխանություններից) գործողությունների շղթան, որը տեղ է գտել ցայժմ:

Նախ և առաջ անհրաժեշտ է ընդգծել բուն արտահանձնման «գործարքի» հապճեպությունը, խորհրդավորությունը և Լապշինին լիովին նաև դիվանագիտական և հյուպատոսական միջամտությունից մեկուսացնելու իրողությունը: Վերոնշյալը ևս ավելի է մեծացնում դիվանագիտական և քարոզչական աղմուկն այդ խնդրի շուրջ:
Իսկ «քաղաքական առևտրի» ի՞նչ տարրեր է պարունակում և, առհասարակ, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործընթացի մասնակից կողմերից յուրաքանչյուրը՝ հարցին նման հնչեղություն հաղորդելով:

1. Բելառուսի բարձրագույն իշխանությունների պարագայում սա հստակ հակաքայլ է՝ ընդդեմ Ռուսաստանի՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերություններում աճած լարվածության իրողությունը, ինչպես նաև սեփական հանրությանն ուղղված հստակ PR քայլ է՝ նախագահի «քաղաքական սկզբունքայնությունն» ու կշիռն ընդգծելու նպատակով: Մյուս կողմից, ընդառաջելով Ի.Ալիևի խնդրանքին, Ա.Լուկաշենկոն ձեռք է բերում հերթական խաղաքարտը, որը ցանկացած այլ նպատակով կարող է օգտագործել Բաքվի վարչակարգից որևէ այլ հարցում էական զիջումներ կորզելու նպատակով:

2. Ադրբեջանի դեպքում խնդրի կիրառելիությունն առավել բազմավեկտոր է՝
ա) Նախ և առաջ ընդգրկում է Հայաստանի, Արցախի դեմ, առանձնահատուկ ընդգծված անձամբ Ի.Ալիևի և նրա գլխավորած վարչակարգի հերթական դիվանագիտական «հաղթանակը» մատնանշելու, ՀՀ իշխանությունների «անկարողությունը» և՛ հայ, և՛ միջազգային հանրության շրջանում ի ցույց դնելու ուղղությունները:
բ) Ուղղված է Հայաստան-Բելառուս, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում լարվածության խորացմանը, ինչը նպատակ է հետապնդում՝ նաև զուգահեռաբար նշված երկրների մասնակցությամբ և, որոշակի առումով Ադրբեջանի շահերին հակասող տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում արհեստական խոչընդոտներ առաջացնելու, նաև՝ Բելառուսի էներգետիկ ոլորտում, ի հակակշիռ Ռուսաստանի, որոշակի շահերի առարկայացնելու:
գ) Հստակ մեսիջ է՝ ուղղված ադրբեջանական հանրությանը, որի դրդապատճառը, վերջին օրերին Արցախ-Ադրբեջան սահմանային լարվածության հրահրման իրողության հետ համատեղ, երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը ժամանակավորապես մոռացության տալուն, ադրբեջանական հասարակության կողմից արցախյան հիմնախնդրում դրական տեղաշարժերի պահանջը բավարարելուն միտված մակերեսային փորձերն են:

Հ.Գ.1. Ակնհայտ է, որ առկա դիվանագիտական և քարոզչական աղմուկը փոքր-ինչ մեղմվելուց հետո՝ գուցե ընդամենն օրեր անց, Ադրբեջանի իշխանությունները «կվաճառեն» Լապշինի ազատությունը Մոսկվային կամ Թել Ավիվին՝ կախված թե կողմերից որն առավել շահեկան առաջարկ կներկայացնի:

Հ.Գ. 2. Վերոնշյալը հաշվի առնելով՝ պետք է ծրագրվեն և հապճեպ կերպով իրականացվեն հայկական կողմի, որպես գործընթացի անուղղակի մասնակցի, հակաքաքայլերը, որոնք և՛ դիվանագիտական, և՛ քարոզչական հարթություններում պետք է ուղղվեն Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Իսրայել, Բելառուս-Ռուսաստան, Բելառուս-Իսրայել հարաբերություններում առկա խնդիրների խորացմանը, այլ ոչ բնավ նաև Երևանի դեմ ծրագրված վերոնշյալ գործողություններին անուղղակիորեն աջակցելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել