Картинки по запросу լապշինՀայաստանի քաղաքական ակտիվը առավոտվանից մեկնաբանում է Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնումը Բաքվին։ Բավական խիստ են արձագանքել նաև իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները։ Սակայն, ինչպես միշտ, լռում են նրանք, ովքեր պետք է խոսեին։ Դա լռակյաց դիվանագիտության կողմնակից ՀՀ ԱԳՆ-ն է։ Այս գերատեսչությունը մինչև հիմա բացարձակ չի մեկնաբանել Բելառուսի այս քայլը, որը վիրավորանք էր նաև Հայաստանի համար։
Բացարձակ չեմ զարմանում Բելառուսի այս կեցվածքից, քանի որ մենք ինքներս ենք թույլ տվել, որ Մինսկն այս կերպ վերաբերվի մեզ։ Անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ, եթե ՀՀ ԱԳՆ-ն և Հայաստանի իշխանությունները մի փոքր ինքնասիրություն դրսևորեին և կոշտ պատասխանեին Բելառուսի ԱԳՆ-ից հնչած հակահայկական զառանցանքին, ապա այժմ Մինսկում բավական երկար կմտածեին մինչև հերթական հակահայկական քայլը կձեռնարկեին։ Իսկ մերոնք ի՞նչ արեցին։ Գրեթե ոչինչ։ Հրավիրել էին ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն և մի գավաթ սուրճի շուրջ մտերմիկ զրույց ունեցել։ Այնինչ Բելառուսի դեսպանի երեսին պետք է շպրտեին ԱԳՆ-ի նոտան։ Հետո մենք լռեցինք, երբ Բատկա կոչվածը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վերջին ՀԱՊԿ գագաթնաժողովին միտումնավոր չմասնակցեց՝ քվորում չապահովելու և Հայաստանի պատվիրակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրելու նպատակով։ Արդյունքում Բելառուսի բռնապետը չափն անցավ, ու մենք ստացանք հերթական «привет»-ը Մինսկից։ Բելառուսի կողմից Բաքվի հակահայկական քաղաքականությանն ակտիվ մասնակից դառնալու արդյունքում ՀՀ իշխանությունները պետք է մի կողմ թողնեն Մոսկվայից հնչող և մեզ հանգստացնող մեսիջները և շատ կոշտ պատասխան տան Մինսկին։
Առաջնայինը՝ Մինսկից պետք է հետ կանչվի ՀՀ դեսպանը։ ՀՀ-ն պետք է վարի բացահայտ հակալուկաշենկոյական արտաքին քաղաքականություն։ Եվրոպայի վերջին բռնապետությունում (այսպես են բնութագրում Բելառուսի Արևմուտքում) տաբեր հարթակներում մարդու իրավունքների և Լուկաշենկոյի ներքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննարկումներին, որին կմասնակցեն ՀՀ պատվիրակները, պաշտոնական Երևանը պետք է բացահայտ Լուկաշենկոյի դեմ գործի։ ՀՀ իշխանությունները պետք է Երևանը դարձնեն Բելառուսի ընդդիմադիրների համար բաց հարթակի, որտեղ վերջիններս կկազմակերպեն իրենց հավաքները և ժողովները։ Դա Բատկայի համար կլինի ամենասարսափելի ապտակը։ Ինչպես բոլոր ֆաշիստ բռնապետները, այնպես էլ Լուկաշենկոն սարսափելի ատում և միևնույն ժամանակ վախենում է ընդդիմությունից։ Բելառուսում ընդդիմություն չկա, քանի որ մի մասին Լուկաշենկոն ֆիզիկապես ոչնչացրել է, իսկ մյուսն էլ արտագաղթել է երկրից։ Բատկան բելառուս ընդդիմադիրներին հովանավորողներին համարում է իր անձնական թշնամին։ Նրանց հովանավորելը և հարթակ տրամադրելը շատ լավ պատասխան կլինի Իլհամի «եվրոպացի» ընկերոջը։
Հ.Գ. Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ԱԳՆ-ն ոչ թե Հայաստանն է ներկայացնում, այլ Սինգապուրը կամ Նոր Զելանդիան։ՀՀ ԱԳՆ-ն ԵՐԲԵՔ բողոքի նոտայով հանդես չի գալիս, երբեք չի «պատժում» հակահայկական կոչերով հանդես եկողներին։ Մեր ԱԳՆ ղեկավարը մեծ հաճույքով մասնակցում է երկրի համար հազարերորդական նշանակություն ունեցող «ֆրանկոֆոնիաների» և անկապ այլ միջոցառումների։ Սակայն պարոն Նալբանդյանը բացակայում է այնտեղ, որտեղ պետք է լինի և խոսի։ Խնդրում եմ ԱԳՆ-ի աշխատանքի «գիտակներին» իրենց պաթետիկ և դատարկ թեզը, թե դիվանագետի աշխատանքը անտեսանելի է, թողնեն իրենց։ Աշխատանքը կարող է անտեսանելի լինել, բայց արդյունքը լայն հասարակությունը պետք է անպայման շոշափի։ Եթե հասարակությունը չի "շոշափում» այն, ապա արդյունք ՉԿԱ։
Ո՜ւր ենք հասել։ Արդեն ինչ-որ մի գեղցի Բատկա է մեզ հետ այսպես վարվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել