Քիչ առաջ սկսվել է Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Առայժմ հրապարակվել են միայն բանակցությունների նախաբանում հնչած մտքերն ու հորդորները, որոնք արդեն իսկ հետաքրքիր են։ 
Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի և 60 տոկոս քվե հավաքելու համար և շեշտել է, որ Հայաստանն ու ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, որոնց հաջողվել է, չնայած տնտեսական ճգնաժամի, 20 տոկոսով ավելացնել առևտրի ծավալը, իսկ ներդրումների առումով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ 3 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով։
Սակայն ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի շեշտադրումներն են եղել, որովհետև ես չեմ հիշում որևիցե մի դեպք ՀՀ որևիցե նախագահի հետ կապված, երբ նա Ռուսաստանի նախագահի ներկայությամբ նման ուղղակի ու չքողարկված պահանջներ ներկայացներ։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը, խոսելով տնտեսության ոլորտում համագործակցության մասին, կարևորել է դրա հետագա խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ առանձին հարցերում Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերոջ աջակցությունը: 
Սարգսյանը նաև հատուկ շեշտադրում է արել ռազմական համագործակցության խորացման գոհացուցիչ լինելու փաստի վերաբերյալ և ամփոփելով «նախաբանային» իր խոսքը՝ վերահաստատել է հրավերը Ռուսաստանի նախագահին` պետական այցով Հայաստան ժամանելու կապակցությամբ:
Այս պահին ընթանում է նախագահների առանձնազրույցը, դրան կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել