Վրաստանի և ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույն ռեժիմում են, ինչ նախկինում, այսինք` ռազմավարական համբերության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը: Ես նկատի ունեմ ռազմավարական համագործակցության մասին այն համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հետ և դրանք շատ խնդրահարույց են: Մենք խոսում ենք այդ մասին բոլոր միջազգային հարթակներում»,-ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Վրաստանի ակտիվ ներգրավվումը Դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնվումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝դրանից բխող համապատասխան քայլերով: Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով Մոսկվան ձգտելու է թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:

ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան: Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:

Բացի այդ, Մոսկվայի ու Աբխազիայի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության նոր պայմանագիրը։ Նմանատիպ պայմանագիր է ստորագրվել նաև Հարավային Օսիայի հետ։ Թե Աբխազիայում, թե Օսիայում գտնվում են ռուսական ռազմաբազաները։ Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:
Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:

Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունը ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում: Ռուսական զորքերի թիվը այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի: Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել