Image result for human watchArmenpress-ը գրում է.
 Human Rights Watch­ը կոչ է արել Եվրոպական միությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել ձերբակալված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, իշխանությանը քննադատողներին և դադարեցնել ճնշումները անկախ խմբերի նկատմամբ, թույլ տալ նրանց ազատ գործունեությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Այսօր` փետրվարի 6­ին, Բրյուսելում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Եվրամիության պաշտոնյաների հանդիպումը: Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի և Եվրամիության միջև կնքնվելիք համաձայնագրերի քննարկմանը»,­ասված է կազմակերպության հայտարարության մեջ: Հանդիպման նախօրեին մարդու իրավունքների 76 կազմակերպություններ նամակով դիմել են Եվրամիության պաշտոնյաներին և կոչ արել Իլհամ Ալիևի առջև դնել հստակ հանձնառություններ: «ԵՄ­ն միշտ բարձր է գնահատել մարդու իրավունքների խիզախ պաշտպաններին և միշտ աջակցել է նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ­ն ու Ադրբեջանը մտել են համագործակցության նոր շրջան, ժամանակն է, որ Ադրբեջանը համապատասխանի կազմակերպության բոլոր չափանիշներին: ԵՄ­ն տեր կկանգնի իր խոստման, և Ալիևը պետք է դադարեցնի ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումները և չպետք է անտեսի մարդու իրավունքների հարցը»,­ ասված է Human Rights Watch­ի Եվրամիության գծով տնօրեն Լոթե Լայթի հայտարարության մեջ: Human Rights Watch­ի հայտարարության մեջ նշված է, որ 2016­ին և 2017­ին Ադրբեջանում իշխանությունների կողմից ընդդիմադիրների, բլոգերների, ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկացել, և շինծու մեղադրանքներով ձերբակալությունները ավելի մեծ թափ են ստացել:
 «2016­ի վերջին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին գրառում կատարած երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամմեդովը և Գիյաս Իբրահիմովը թմրանյութեր պահելու և իրացնելու շինծու մեղադրանքներով ենթարկվել են 10 տարվա ազատազրկման: 2016­ին կեղծ մեղադրանքներով տարբեր տարիների ազատազրկումների են ենթարկվել ընդդիմադիր NIDA և այլ շարժումների անդամ ակտիվիստներ»,­ ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
 Human Rights Watch­ը նշել է նաև, որ բազմաթիվ ակտիվիստներ վերջին շրջանում ճնշումներից և հետապնդումներից փրկվելու համար լքել են Ադրբեջանը: 2017­ի հունվարի 19­ին Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել ազատ արձակել երկրում գործող NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանին, ով ձերբակալվել է 2016­ի օգոստոսին և մյուս քաղբանտարկյալներին, սակայն ապարդյուն: Ալիևի կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել նշված պահանջները բավարարելու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել