Երեկ դիզայներ Ֆաինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես նշել է. «Շաատ ծիծաղելի դեպք)) Ռուսական Առաջին ալիքի ամենահայտնի՝ «Модный приговор» հաղորդման ոճաբան Նիկոլայ Օվեչկինին հենց նոր չթողեցին Malocco սրճարան։ Ասացին՝  հյուրի տաբատը լավը չի))»:

 

Պարզելու համար, այնուամենայնիվ, ի՞նչ տաբատ էր կրել հայտնի ոճաբանը, որ նրան թույլ չտվեցին ներս մտնել սրճարան, BlogNews.am-ը զրուցեց  Ֆաինայի հետ:

Նիկոլայն Օվեչկինը՝ նույն լուքով երևանյան սեմինարի ժամանակ

Պարզվում է՝ ոճաբան Նիկոլայ Օվեչկինը կրում էր ոճային կտորից տաբատ, ինչը սրճարանի հաճախորդներին դիմավորող աշխատակցուհու պատկերացմամբ զուտ «սպարտիվկա» է եղել, ու քանի որ վերոհիշյալ ոճի հագուստով մարդկանց մուտքը սրճարան արգելվում է, աղջիկը թույլ չի տվել հանրահայտ դիզայներին և իր հյուրին ներս մտնել սրճարան: Այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում նորաձևության այս տենդենցը և, առհասարակ, որքանո՞վ է այն սիրված ու տարածված։ Պարզաբանում է Ֆաինա Հարությունյանը.

        

«Այս ոճի հագուստը արդեն երկար ժամանակ է՝ նորաձևության տենդենց է, ու այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Գոշա Ռուբչինսկին, Դեմնա Գասվալիան, Vetermens-ը և այլոք, անձամբ են կրում այս ոճը և նման հագուստով հայտնվում տարբեր ցուցադրությունների ու հանդիսավոր միջոցառումների: Ավելին՝ Երևանի երիտասարդությունը նույնպես սիրել է, և ես հաճախ եմ հանդիպում նման ոճով հագնված մարդկանց, ինչը շատ նորմալ է. մենք հետամնաց գյուղ չենք, որ նորաձևությունը այստեղ չհասնի: Ուղղակի իմ մտքով անգամ չի անցել, որ Երևանում այն կդիտարկվի որպես «սպարտիվկա»: Կիսատաբատներով նման վայրեր հաճախել չի կարելի, ուրեմն՝ չենք հաճախում, սպորտային համազգեստով նույնպես չի կարելի, դա էլ ենք պահպանում, սակայն նորաձև ու ոճային հագուստը և մարզահագուստը իրարից չտարբերելը ծիծաղելի էր: Այդ օրը մենք միասին, այսպես ասած, տուր էինք անում Երևանով։ Նույն լուքով մենք տարբեր վայրերում ենք եղել ու ամենուր արժանացել ենք հյուասեր վերաբերմունքի, և ոչ մի խնդիր չի եղել»:

 

Իսկ ինչպե՞ս ինքը՝ Նիկոլայ Օվեչկինն այս ամենին արձագանքեց: «Առհասարակ, նա շատ հանդուրժող ու զիջող անձնավորություն է: Ու իրականում այս պատմությանը նայում եմ որպես զավեշտալի մի դեպքի, այլ ոչ թե լուրջ միջադեպի: Իսկապես շատ ծիծաղելի էր, երբ ես աղջկա հետ խոսում էի հայերեն ու չէի ցանկանում, որ Նիկոլայը հասկանար մեր խոսակցության թեման, քանի որ նրան ասել էի, թե իբր սրճարանում տեղ չկա, և դա է միակ խնդիրը, իսկ աղջիկը ինձ հետ բանավիճում էր, արհամարհական նայում Նիկոլայի տաբատին ու բոթասներին և անընդհատ կրկնում՝ «սպարտիվկայով ա»: Ինչքան փորձեցի Նիկոլային չբացահայտել մեր խոսակցության բուն թեման, նա ամեն ինչ հասկացավ ու ասաց. «Ամեն ինչ պարզ է, խնդիրն իմ տաբատն է։ Շատ լավ, դե ուրեմն՝ գնանք այստեղից»: Հեռացանք սրճարանից ու շարունակեցինք մեր օրը մեկ այլ՝ շատ բարեհամբույր ու հյուրասեր վայրում»,- զրույցի վերջում նշեց Ֆաինան:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել