Картинки по запросу ռոբերտ մելքոնյանՆապոլեոնի փորձը, նրա ապրած կյանքը ցույց է տալիս և ապացուցում, որ ոսկին, ունեցվածքը, հարստությունը, շահը չեն կարող ծառայել որպես հիմք, ցեմենտող նյութ, հավատարմության, նվիրվածության երաշխիք:
Նապոլեոնյան բանակի զորավարները, նրա մարշալները, հարազատ, ընկեր, բարեկամները, որոնք Բոնապարտի հետ բաժանում էին պատիվներն ու ռազմակակ փառքը՝ դառնալով հարուստ ազնվականներ, հսկայական կալվածքների ու պալատների տերեր, այլևս չէին ուզում կռվել, ծառայել. նրանք ավելին էին ուզում:
Նա հույս ուներ, որ իր մերձավորներին տված բարիքների փոխարեն նրանք կկռվեն, կծառայեն մեծ նվիրումով, հավատարմությամբ:
Սակայն հակառակը. բոլորը դժգոհ էին, և յուրաքանչյուրն ուներ իր պատճառները: Եղբայրը՝ Ժոզեֆը, դժգոհ էր այն բանից, որ իրեն տվեցին հետ ընկած Նեապոլիտանական թագավորությունը, մինչդեռ ինքը որպես ավագ «իրավունք ուներ» ստանալ ֆրանսիական գահը: Մյուս եղբայրը՝ Լուին, Հոլանդիայի թագավորը, դժգոհ էր այն բանից, որ Նապոլեոնն իրեն չի թողնում երկիր կառավարել այնպես ինչպես ինքն է կամենում:
Մյուրատն իրեն խորապես վիրավորված էր համարում այն բանի համար, որ լեհական թագավորի գահն իրեն չտվեցին: Մինչդեռ Վարշավան իրեն շատ էր դուր եկել…
Թալեյրանն իրեն «բարոյապես իրավացի» էր համարում կայսրին հավատարիմ չլինելու համար, որովհետև Բոնապարտն իրեն վիրավորել էր, Կամբասերեսից ցածր դասել, հաշվի չէր առել նաև Ավստրիայի հետ դաշինքի օգտակարության վերաբերյալ իր խորհուրդները:
Կամբասերեսը նույնպես վիրավորված էր, որովհետև կոնսուլության օրոք ինքը երկրում երկրորդ անձնավորությունն էր, իսկ կայսրության օրոք՝ հինգերորդը:
Դուքս դը Աբրանտեսը բողոքում էր, որ ֆինանսների նախարարը իր ծանոթ բանկիրին՝ իր սիրուհու ամուսնուն, փոխառաբար մի քանի միլիոն գումար չտվեց:
Մարմոնը սրտում պահեց վիրավորանքը, որ մարշալական մականները բաժանելիս առաջինների ցուցակում չէր…Կայսրը, իհարկե, հետագայում Մարմոնին մարշալ դարձրեց և դուքսի տիտղոս շնորհեց, բայց չէ, վիրավորանքը մնաց և շարունակում էր իրեն դասել ստորացվածների ու վիրավորվածների թվին:
Նման օրինակներ էլի կան և, փաստորեն, Բոնապարտի ընկերները, մտերիմները, մարշալները, դքսերը, իշխանները, կոմսերը՝ գրեթե բոլորը, կայսրից վիրավորված էին…
Մի խոսքով՝ դժգոհների ու վիրավորվածների մի «բանակ» էր, և յուրաքանչյուրն իր հաշիվները, իր խնդիրները, պատճառներն ու ակնկալիքներն ուներ: Եվ, բնականաբար, մի՞թե այդ դժգոհ, «չգնահատված», իշխանատենչ, փառասեր, բամբասկոտ, փնթփնթան, ինտրիգան, սնապարծ «բարձրաստիճան երևելի» մարդիկ, որոնք զբաղված էին իրենց կալվածքներով, շահերով, հարստությամբ ու զվարճանքներով, կարող էին դառնալ նրա ու պետության հենարանը։ Իհարկե ոչ…
Ուղղակի նա պետք է շուտ հասկանար և ձերբազատվեր այդ երախտամոռ ու անշնորհակալ մարդանմաններից… Եվ ամրապնդեր իր դիրքերը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել