Картинки по запросу ընտրություններՊառլամենտական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, սակայն քաղաքական գործընթացներում ընդգծված աշխուժություն չի նկատվում: Քաղաքական ուժերը զբաղված են դաշինքներ և նախընտրական համագործակցության ֆորմատներ կազմելու շուրջ բանակցություններով: Մինչդեռ, մեծ հաշվով, գրեթե ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ստեղծել քաղաքական կապիտալ, որը համոզիչ կդարձներ նրանց խոսքը ընտրությունների ժամանակ:

Այս ընտրությունների նշանակությունը երկրի քաղաքական կյանքի համար դժվար է գերագնահատել, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Չունենալով բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ` կուսակցությունները փորձում են փոխլրացնել միմյանց: Քաղաքական ուժերի դրսևորած վարքագծից պարզ է դառնում, որ միայնակ դժվար թե կարողանան լուծել այդ խնդիրը:

Քաղաքական կուսակցությունները ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորում առաջիկա կոմպանիային ընդառաջ, տպավորություն է, թե նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ մտնել խորհրդարան: Մինչդեռ չեն շտապում քննարկել, թե ինչ պետք է անել դրանից հետո, ինչպես շտկել երկրում ստեղծված կացությունը: Հավելեմ, որ այս ամենի պատճառն այն է, որ դաշտում ակտիվ կուսակցություններն ու քաղաքական դաշտում խաղացող անհատներն իրարից գրեթե չեն տարբերվում ծրագրերով ու գաղափարներով, ուստի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որևէ ուժ դեռ չի կարողացել կոնցեպտուալ լուծումներ առաջարկել:

Ըստ էության՝ քաղաքական գործընթացները կթեժանան ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Ընտրությունների ժամանակ ընդդիմությունը կկարողանա գործոն դառնալ, եթե կոնսոլիդացվի և որոշակի քայլեր անի հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ առկա անվստահությունն օգտագործելու համար:

Նախընտրական գործընթացը Հայաստանում բացահայտել է, որ մեզանում առայժմ չեն մշակվել որոշակի չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել հասարակության մեջ առաջատար դեր խաղացող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել