Картинки по запросу Лукашенко путинԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դժգոհ է ռուս-բելառուսական հարաբերությունների դինամիկայից, հատկապես երբ դրանք վերաբերում են երկու երկրների միջև ԵԱՏՄ շրջանակում տարվող գործընթացներին։ Մասնավորապես՝ Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ առհասարակ ԵԱՏՄ շրջանակներում Բելառուսը կորցրել է 15 միլիարդ դոլար միայն այն բանի համար, որ ձեռք բերված համաձայնություններն ու պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում։ Մինչդեռ աշխարհը դինամիկ զարգանում է, ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով պետությունների տնտեսական վիճակը գնալով ավելի է վատանում։ Սա, հիշեցնենք, առաջին դեպքը չէ, երբ Բելառուսի նախագահը բացեիբաց քննադատում է Ռուսաստանին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Լուկաշենկոն մոտավորապես նույն բովանդակությամբ հասցեական քննադատության էր ենթարկել Ռուսաստանին՝ նշելով, որ ԵԱՏՄ աշխատանքները համակարգելու համար գործուղված բելառուս մասնագետները լիարժեքորեն չեն կարողանում իրենց գիտելիքները ներդնել համակարգի կայացման գործում, ու հարց է առաջանում՝ ինչքանով է այդ դեպքում նպատակահարմար նրանց գործուղելը առհասարակ։ Միևնույն ժամանակ հատկանշական է, որ Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ դա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանի հետ պետք է թշնամանալ։ Այդ երկիրը շարունակում է մնալ եղբայրական երկիր, պարզապես հարաբերություններում պետք է հստակեցում մտցնել։ Սա բավականին կարևոր դրվագ է։ Օրինակ՝ Հայաստանի պարագայում, բացի ապրլյան քառօրյայի դեպքերից, մենք Հայաստանի պաշտոնյաների կողմից այդպես էլ Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության վերաբերյալ առարկայական գնահատականներ չենք լսում։ Եվ դա այն պարագայում, երբ դրա կարիքը իրոք կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել