Image result for USa iranԱՄՆ նախագահ Դ.Թրամփի թվիթերյան վերջին գրառումներից մի քանիսը վերաբերում են Իրանին: Դրանցից մեկում անուղղակիորեն նշվում է, որ Իրանը գրեթե կործանման եզրին էր, մինչդեռ ԱՄՆ-ի օգնությամբ կարողացավ հաղթահարել բարդությունները: Կամ մեկ այլ գրառման շրջանակներում մասնավորապես հնչում է հետևյալ միտքը՝ Իրանն արագորեն տարածում է իր ազդեցությունն Իրաքի նորանոր հատվածներում՝ չնայած ԱՄՆ-ի ահռելի ֆինանսական ջանքերին, և այլն:

Եվ, իրոք, մերձավորարևելյան գրեթե բոլոր հիմնախնդիրներում (որոշակի բացառություն է հանդիսանում Բահրեյնը, թեպետ այնտեղ, մեծ հաշվով, իրավիճակը հակամարտային չէ) ակնհայտ է Իրանի առավելությունները տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ: Որպես օրինակ՝ Սիրիայում Իրանի դաշնակից կառավարական ուժերը բացարձակ առավելություն են ստանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի կողմից հովանավորվող տարաբնույթ հակակառավարական խմբավորումների նկատմամբ: Իրաքյան հիմնախնդրում դարձյալ ԻԻՀ-ի ազդեցությունն էականորեն կրող Իրաքի կառավարությունն աստիճանաբար վերականգնում է տիրապետությունը երկրի ամբողջ տարածքում: Լիբանանում տևական ճգնաժամից հետո ի վերջո նախագահի պաշտոնում ընտրվեց Իրանի հովանավորյալ «Հիզբալլահ» շիայական արմատական կառույցի աջակցությունը վայելող թեկնածուն՝ Միշել Աունը: Եմենում Իսլամական Հանրապետության հովանավորյալ հութիները լուրջ հաջողություններ են արձանագրում ոչ միայն կառավարական ուժերի, այլև հենց վերջինների ուղղակի հովանավորը հանդիսացող Սաուդյան Արաբիայի ԶՈՒ տարաբնույթ ստորաբաժանումների նկատմամբ:

Վերոնշյալը, բնականաբար, լուրջ մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն շիայական Իրանի մրցակից հանդիսացող մերձավորարևելյան վերը թվարկված սուննիական երկրներում, այլև տարածաշրջանում Թեհրանի առանցքային հակառակորդը հանդիսացող Իսրայելում, իսկ նոր վարչակարգի հաստատումից հետո՝ նաև ԱՄՆ-ում:

Հետևաբար, Դ.Թրամփի մոտեցումն Իրանի հետ հարաբերություններում և նրա կտրուկ հռետորաբանությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում Մերձավոր Արևելքում՝ մեծ սպասումներ արթնացնելով դարձյալ նախկին մեկուսացման քաղաքականության վերագործարկման և տարաբնույթ պատժամիջոցների միջոցով Թեհրանի մանևրելու օղակը սեղմելու հարցերում:

Բնականաբար, առկա իրավիճակն ըստ արժանվույնի գնահատվում, իսկ դրանց հնարավոր պատասխան քայլերը լրջագույնս հաշվարկվում են նաև Իսլամական Հանրապետության կողմից. համենայն դեպս, այդ մասին է վկայում Թեհրանից ակնթարթորեն գործող սուր հռետորաբանությունը՝ Սպիտակ տան տարաբնույթ պաշտոնյաների հայտարարություններին ի պատասխան:

Վերոնշյալի համատեքստում ակնհայտ է, որ իրանական հաշվարկներում պարզապես չի կարող անտեսվել իր իսկ «քթի տակ» հյուսիսարևմտյան հարևանի՝ Ադրբեջանի և Իսլամական Հանրապետության ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի միջև հատկապես վերջին շրջանում նոր թափ ստացած ռազմաքաղաքական համագործակցության իրողությանը, որ գուցե Թել Ավիվի մասով ավելի շատ, անհերքելիորեն օգտագործվում է ԻԻՀ դեմ տարաբնույթ ուղղակի կամ անուղղակի թշնամական գործողությունների ծրագրման ու իրականացման ուղղությամբ:

Իսկ նաև իսրայելա-ադրբեջանական «առանցքին» որպես հակակշիռ կամ զսպման համարժեք եղանակ՝ Իրանի կողմից միանշանակ կերպով դիտարկվում և կենսագործվում է Հայաստանի հետ համակողմանի, նաև ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտներում համագործակցության խթանման ռազմավարական ուղղությունը, որի ամենաթարմ հիմքերն անցյալ տարեվերջին ԻԻՀ նախագահ Հ.Ռուհանիի պաշտոնական այցն էր Երևան և դրան հաջորդած ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի՝ այս օրերին կատարած բավական բովանդակալից պաշտոնական այցը Թեհրան, ինչպես նաև տեղի ունեցած հանդիպումների լայն ու բազմակողմանի շրջանակը: Իսկ դրանց շրջանակներում ձեռք բերված հրապարակային և ստվերային պայմանավորվածությունների առարկայացումը ոչ միայն լրջագույնս կնպաստի երկկողմանի հարաբերությունների վերընթաց զարգացմանն, այլև առնվազն սառը ցնցուղի ազդեցություն կարող է ունենալ հակառակորդների համար հատկապես Ադրբեջանական Հանրապետությունից նվազագույն վտանգի կանխազգացման պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել