Artsakhpress.am-ը գրում է.

Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ծրագիրը:

BBC-ի փոխանցմամբ՝ այն կոչվում է «ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը եւ նրա հետ նոր գործընկերությունը»:

Փաստաթղթում 12 սկզբունք է ամրագրված, որոնցով կառավարությունը կառաջնորդվի «բրէքսիթի» գործընթացի ժամանակ:

Փաստաթղթում կառավարությունը խոստանում է վերադարձնել  բրիտանական «օրենքների վերահսկողությունը», այսինքն՝ Բրիտանիան Եվրամիության դատարանի իրավասությունից դուրս բերել:

Կառավարությունը նաեւ խոստանում է ավելի շատ վերահսկել ԵՄ երկրներից ներգաղթը, ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու եւ մաքսային միության նոր համաձայնագիր կնքել, նույնպիսի համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ եւս:

Բրիտանիան կշարունակի ԵՄ հետ համագործակցությունը ահաբեկչության եւ հանցավորության դեմ պայքարում, խոստանում է պաշտպանել ԵՄ քաղաքացիների կարգավիճակը, որոնք արդեն երկրի տարածքում են ապրում:

Կառավարությունը խոստանում է ապահովել բանակցությունների «որոշակիությունն ու թափանցիկությունը» եւ ԵՄ-ից դուրս գալու մեղմ գործընթաց:  

Փաստաթուղթը հրապարակվել է այն բանից հետո, երբ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել երկրի վարչապետ Թերեզա Մեյին «բրէքսիթը» մեկնարկելու իրավասություն տվող օրինագիծը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել