Image result for Նեթանյահու

Նախօրեին Իսրայելի Կնեսեթի ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» խմբակցության պատգամավոր Քսենյա Սվետլովան հապճեպ նամակով դիմել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Մինսկում ձերբակալված իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին «փրկելու» նպատակով: Իր ուղերձում Սվետլովան մասնավորապես նշել է. «Իսրայելցի Ալեքսանդր Լապշինը 2 ամիս է՝ ձերբակալված է Բելառուսում և շուտով հանձնվելու է Ադրբեջանին: Նա մեղավոր է միայն այն բանում, որ մի քանի նյութ է գրել իր բլոգում և այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Լապշինը ձերբակալվել և պահվում է դաժան բանտային պայմաններում: Նա իսրայելցի է, հայրենադարձել է 25 տարի առաջ, ծառայել մարտական զորամասերում: Նրա ընտանիքն ապրում է Հայֆայում: Չնայած Լապշինը պատրաստակամություն է հայտնել՝ ներողություն խնդրելու Ադրբեջանից, այնուամենայնիվ, դեռևս բանտում է, և նրան սպառնում է արտահանձնում:

Հաշվի առնելով Ձեր սերտ բարեկամական կապերն Ադրբեջանի հետ՝ խնդրում եմ Ձեզ՝ որպես Իսրայելի վարչապետին և ԱԳ նախարարին՝ միջամտել և օգտագործել ունեցած կապերն ու հնարավորություններն՝ Ա.Լապշինին փրկելու և Իսրայել, իր տուն ու ընտանիքին վերադարձնելու հարցում»:

Հետաքրքիր է՝ նման կերպով հարցի հանրայնացման պայմաններում ինչպես իրեն կդրսևորի Իսրայել պետության բարձրագույն իշխանությունը, քանի որ հայտնի է, թե Թել Ավիվը սովորաբար ինչպիսի հետևողականությամբ է պաշտպանում որևէ երկրում հատկապես քաղաքական, առավել ևս՝ արհեստական դրդապատճառներով հետապնդման ենթարկվող սեփական քաղաքացիներին: Իսրայելի վարչապետի ներգրավման պարագայում այս գործընթացը նաև կարող է որպես յուրօրինակ փորձաքար հանդիսանալ ոչ միայն Նեթանյահու-Ալիև բարեկամական կապերի, այլև, ընդհանուր առմամբ, Իսրայել-Ադրբեջան բարձր մակարդակի հարաբերությունների համար: Այնպես որ, կենացներն աստիճանաբար ավելի են քաղցրանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել