Նախորդ տարին այնքան էլ բարենպաստ չէր Հայաստանի տնտեսության համար, մի շարք ոլորտներում նույնիսկ հետընթաց գրանցվեց, ինչպես օրինակ՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում: Նախորդ տարին բարենպաստ չէր նաև ԱՊՀ մի շարք երկրների տնտեսությունների համար, որտեղ հիմնական և բնորոշ խնդիրներից են եղել՝ բարձր գնաճը, ներդրումների նվազումը և արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը: ԱՊՀ երկրներից մի քանիսի վիճակագրական ծառայությունները արդեն ամփոփել են արդյունքները, և նախնական պատկերը արդեն պարզ է:

No automatic alt text available.

Եվ այսպես՝ Ադրբեջանը և Բելառուսը տարին փակեցին տնտեսական անկումով՝ 3,8% և 2,6% համապատասխանաբար, ինչպես նաև Ռուսաստանը համեմատաբար փոքր` 0,4% անկումով: Իսկ բարձր տնտեսական աճ են գրանցել Ուզբեկստանը՝ 7,8%, Տաջիկստանը՝ 6% և Մոլդովան՝ 6,3%: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը ցածր է եղել և կազմել է՝ 0,5%:

ԱՊՀ մի շարք երկրներ տարին փակեցին բարձր գնաճով, որտեղ Ադրբեջանը՝ 11,2%, Բելառուսը`11,8%, Ղազախստանը՝ 8,3%, Ուզբեկստանը՝ 5,7%, Տաջիկստանը՝ 5,8% և Ռուսաստանը՝ 5,38%, իսկ երկու երկրներ տարին փակեցին նույնիսկ գնանկումով՝ Հայաստանը՝ 1,4% և Ղրղզստանը՝ 0,5%:
Տարին անբարենպաստ էր ԱՊՀ-ի համար նաև ներդրումների ծավալների կրճատման առումով: Ներդրումների ծավալները կրճատվել են Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ռուսաստանում: Սակայն կենտրոնասիական հանրապետությունների համար տարին բարենպաստ էր այդ առումով. այսպես՝ Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում ներդրումների մակարդակը հիմնական կապիտալում բավականին բարձր աճ է գրանցել: Հետաքրքիր է, որ Ուկրաինայում, որը գրեթե դուրս է եկել ԱՊՀ-ից, նույնպես ներդրումների զգալի աճ է գրանցվել: Ուկրաինայում տնտեսական աճը կազմել է 2%, սակայն բարձր էր նաև գնաճը, որը կազմել է 12,14%:

Գյուղատնտեսության ոլորտը, ինչպես նշեցինք, անբարենպաստ է եղել Հայաստանում, մյուս ԱՊՀ երկրներում աճ է գրանցել, սակայն փոքր չափով՝ բացառությամբ Մոլդովայի, որն ունեցել է գյուղատնտեսության երկնիշ աճ: Իսկ ահա արդյունաբերության ոլորտում բարձր աճ են գրանցել Հայաստանը՝ 6,7%, Ուզբեկստանը՝ 5,8%, Ղրղզստանը՝ 4,9%, ինչպես նաև՝ Տաջիկստանը՝ 12,2%:

Այս երկրների ցանկում Հայաստանը շահեկանորեն տարբերվում է մյուս երկրներից. դա արտահանումն է: Հայաստանում, հիշեցնենք, որ գրանցվել է 20% արտահանման և ներմուծման՝ 1,6% աճ: Կարելի է ասել՝ ԱՊՀ անդամ մյուս երկրներից գրեթե բոլորում գրանցվել է արտահանման և ներմուծման ծավալների անկում: Բացառություն կարող է կազմել նաև Ուզբեկստանը, որի արտահանման և ներմուծման տվյալները դեռևս հայտնի չեն:

Կարող ենք ամփոփել, որ ԱՊՀ երկրներից ամենադրական տնտեսական արդյունքներ գրանցած երկրները Ուզբեկստանը և Տաջիկստան են: Որոշ վերապահումներով հաջորդում է Մոլդովան: Լավ արդյունքներ է գրանցել նաև ԱՊՀ-ում ասոցիացված անդամի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը՝ 6,2% աճով: Իսկ ամենաբացասական արդյունքներ ունեցող երկրները Ադրբեջանն ու Բելառուսն են: ԱՊՀ-ից դուրս եկած Վրաստանի տնտեսական ցուցանիշները միջին են՝ 2,2% ՀՆԱ-ի աճ, 1,8% գնաճ: Վատ չէ այստեղ վիճակը նաև ներդումների և արտահանման ցուցանիշների առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել