Ռեփեր Դավիթ (Դավո) Միրոյանը 5-ամյա դադարից հետո հանրությանը նոր աշխատանք է ներկայացրել: Խոսքը «Հով արեք» երգի ու տեսահոլովակի մասին է: Երգի ստեղծման մասին BlogNews.am-ը զրուցել է երգչի հետ, պարզել երգի հետ կապված մի քանի հետաքրքիր մանրամասներ.

  

«Երգը գրվել է 2016թ մայիսին՝ ապրիլյան դեպքերից հետո: Այնպես չէ, որ հատուկ նստել ու մտածել եմ, որ նման երգ պիտի գրվի, պարզապես դա իմ վերաբերմունքն էր տեղի ունեցածին: Ապրումներս, զգացմունքներս ինչ-որ կերպ պետք է արտահայտեի, և երգը հենց զգացողություններիս արտահայտությունն էր: Ոչ մի լուրջ պլան, ոչ մի տեսահոլովակի մտադրություն երգի հետ կապված չունեի: Ինձ համար այն հերթական երգ էր, որը գրեցի ներքին ապրումներիս ու զգացողություններիս մասին, և ինչպես իմ վերջին 5 տարիներին գրված բոլոր երգերը, այն ոչ մի տեղ չէր հնչում, չէր պտտվում»:

 

Իսկ թե ինչպես երգը ձայնագրվեց, ու նկարահանվեց տեսահոլովակ, երգիչը պատմում է. «Ես սիրում եմ ինքս ինձ համար երգեր գրել, սիրում եմ այդ զբաղմունքը: Սովորաբար երգը գրելուց հետո մտերիմներիս, ընկերներիս եմ ցույց տալիս, ու այս երգը լսելուց հետո ընկերներս համոզեցին ինձ, որ լուրջ զբաղվեմ նրանով: Ես սիրում եմ իմ ստեղծագործական հարցերով զբաղվել ընկերներիս հետ: Սուրեն Թադևոսյանի հետ հանդիպեցի, երգի մասին նրա կարծիքը շատ կարևոր էր ինձ համար:

Լսեց ու ասաց, որ պետք է տեսահոլովակ նկարել: Երևի մի միլիոն սցենար ու գաղափար գրվեց, բայց հասկացանք, որ ասելիքի խորությունը նկարահանումով, վիդեոյով չենք կարողանա ստանալ կամ էլ չէինք ստանա էնքան տպավորիչ, որքան որ ստացանք: Տեսահոլովակի գաղափարի գլոբալ կոնցեպտը հենց տեսահոլովակի ռեժիսոր Սուրեն Թադևոսյանինն է: Ու քանի որ այս բնագավառում նրան ավելի շատ եմ վստահում, քան ինձ, ամբողջովին համամիտ էի նրա ամեն ասածի ու արածի հետ»,-նշում է երգիչը:

 

Այն, որ երգը հատկապես Հայոց բանակի հոբելյանական համերգին հնչելուց հետո մեծ տարածում ստացավ, հուշում են համացանցում նրա քննարկումներն ու share-ները: Հատկանշական է նաև այն պահը, որ տեսահոլովակը հավանել ու նրանով իրենց սոցէջերում կիսվել են զինվորականներ ու ապրիլյան դեպքերի մասնակից մեր տղաներից շատերը: Այստեղից էլ հետևություն, որ ամեն ինչ արվել է ճիշտ, չափի մեջ ու, որ շատ կարևոր է, առանց պաթոսի:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Դավիթ Միրոյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել